ՀՀ-ում Ազգային ժողովի, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության կամ հանրաքվեի օրը 18 տարին լրացած ՀՀ քաղաքացիներն ունեն ընտրելու և հանրաքվեին մասնակցելու իրավունք:
ԲԵՏԱ
Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Ինչպե՞ս մասնակցել ընտրություններին ՀՀ-ում
Այս ուղեցույցի միջոցով յուրաքանչյուր քաղաքացի հստակ պատկերացում կունենա, թե ինչպես մասնակցել ընտրություններին Հայաստանում, ինչպիսին է ընտրելու գործընթացը՝ սկսած ընտրողների գրանցումից մինչև քվեարկության օրը։
Որտե՞ղ քվեարկել, ինչպե՞ս գտնել քվեարկության տեղամասը, ի՞նչ փաստաթուղթ ներկայացնել, ինչպե՞ս են քվեարկում արտերկրում ապրողները կամ հատուկ կարիք ունեցող անձինք և ոչ միայն։
Ուղեցույցում հնարավոր է գտնել նաև դիտորդ, վստահված անձ կամ հանձնաժողովի անդամ դառնալու գործընթացների մասին մանրամասն տեղեկատվություն։
Ո՞վ է համարվում ընտրող ՀՀ-ում և ինչպե՞ս է մասնակցում ընտրություններին
Ընտրելու, ինչպես նաև հանրաքվեին չեն կարող մասնակցել՝
- դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչված,
- դիտավորությամբ կատարված ծանր հանցանքների համար օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտված,
- և պատիժը կրող անձինք:
Եթե ցանկանում ես գտնել քո ընտրատեղամասը, որտեղ պետք է գնաս ու քվեարկես, ապա անհրաժեշտ է՝
- մուտք գործել elections.mia.gov.am կայք,
- սեղմել «Գտիր քո տեղամասը» կոճակը,
- լրացնել տվյալներդ,
- գտնել ընտրատեղամասդ։
Ստուգել ընտրողների ցուցակը կարող ես ընտրությունները կազմակերպող մարմնի կայքում։
Դրա համար անհրաժեշտ է՝
- կայքում ընտրել «Ընտրողների ռեգիստր» բաժինը,
- բացված էջում մուտքագրել քո անունը, ազգանունը և ծննդյան տարեթիվը,
- սեղմել «Ես ռոբոտ չեմ» կոճակը,
- սեղմել «Որոնել» կոճակը։
Եթե տվյալներդ լրացնում ես ու ցուցակներում չես գտնում քեզ կամ կա հասցեի, անվան, ազգանվան որևէ սխալ, ապա դիմիր Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայություն կամ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան ընտրություններից 12 օր առաջ։
Ըտնրությունների օրը քվեարկելու համար անհրաժեշտ է ներկայացնել անձնագիր կամ նույնականացման քարտ (ID քարտ)։
Քվեարկությունն անցկացվում է միայն ՀՀ տարածքում կազմավորված տեղամասային կենտրոններում, ժամը՝ 08։00-ից մինչև 20։00-ն։
Արտերկրում բնակվող ՀՀ դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչություններում դիվանագիտական ծառայություն անցնող ընտրողները և նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի՝ ընտրելու իրավունք ունեցող անդամները և օտարերկրյա պետություններում երկարատև ծառայողական գործուղման կամ ուսման մեջ գտնվող զինծառայողները կարող են մասնակցել ԱԺ ընտրություններին` քվեարկելով էլեկտրոնային եղանակով` ԿԸՀ-ի կողմից սահմանած կարգով և ժամկետներում:
Արտերկրում ընտրելու համար պետք է նախապես գրանցվել դեսպանատան միջոցով կամ էլեկտրոնային եղանակով՝ հատուկ ձևաթղթի լրացմամբ։
Ուշադրություն
Էլեկտրոնային եղանակով քվեարկության ժամկետները, հայտի ձևը, գրանցման մանրամասները սահմանված են ՀՀ ԿԸՀ 2016 թվականի հունիսի 17-ի N 32-Ն որոշմամբ։
Օրենքով կարող է սահմանվել ՀՀ քաղաքացիություն չունեցող անձանց՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին և տեղական հանրաքվեներին մասնակցելու իրավունքը:
Հաշմանդամություն ունեցող անձանց հնարավոր է տրամադրել շարժական քվեատուփ կամ ընտրել ընտրատեղամասերից ամենահարմարն ու մասնակցել ընտրություններին՝ այդ ընտրատեղամասում քվեարկելով։
Այս տարբերակով քվեարկության համար անհրաժեշտ է նախապես դիմում ներկայացնել ընտրական հանձնաժողովին։
Դիմումներն անհրաժեշտ է ներկայացնել ընտրություններից 12 օր առաջ։
elections.am կայքում ներկայացված են այն ընտրատեղամասերը, որոնք հարմարեցված են հաշմանդամություն ունեցող անձանց համար։
Շրջիկ արկղի միջոցով քվեարկելու իրավունք ունեն՝
- Ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատություններում ստացիոնար բուժման մեջ գտնվող,
- քվեարկության օրը տեղամասային կենտրոն ինքնուրույն ներկայանալու հնարավորություն չունեցող,
- ռազմաբժշկական հաստատությունում ստացիոնար բուժման մեջ գտնվող զինծառայողները,
- ձերբակալված անձանց պահելու վայրերում ձերբակալվածները
Ինչպե՞ս է անցնում քվեարկության գործընթացը
Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը քվեարկության օրը` ժամը 8.00-ին, հայտարարում է քվեարկության սկիզբը և թույլատրում ընտրողների մուտքը քվեարկության սենյակ:
Անհրաժեշտ է մտնել ընտրատեղամաս, որտեղ ընտրական հանձնաժողովի անդամները կուղղորդեն Ձեզ՝ ներկայացնելով քայլերի հաջորդականությունը։
Անհրաժեշտ է ներկայացնել անձնագիր կամ նույնականացման քարտ (ID քարտ)։
Հանձնաժողովի անդամը ստուգում է գտնում է Ձեր անունը ցուցակում և խնդրում է ստորագրել։
- Անձը հաստատող փաստաթուղթը տրամադրելուց հետո հանձնաժողովի անդամը տրամադրում է քվեաթերթիկ/ները։
- Մտնում եք գաղտնի խցիկ՝ քվեարկելու համար։
- Քվեաթերթիկի վրա գտնում եք նախընտրելի կուսակցությունը կամ թեկնածուին և կատարում նշումը կամ տեղադրում թերթիկը ծրարի մեջ։
Ուշադրություն
Կախված ընտրության տեսակից՝ քվեաթերթիկի լրացման կարգը տարբեվում է։ Մինչև քվեախցիկ մտնելը անհրաժեշտ է ուշադիր հետևել հանձնաժողովի անդամների ուղղորդումներին։
Քվեաթերթիկի վրա սխալ անելիս անհրաժեշտ է տեղեկացնել հանձնաժողովին անդամներին։ Նրանք կհաշվեն նախնական քվեաթերթիկը անվավեր և կտան նոր քվեաթերթիկ։
Անհրաժեշտ է մոտենալ քվեատուփի մոտ նստած հանձնաժողովի անդամին, ով կստուգի նույնականացումը, կփակցնի ծրարին դրոշմանիշն ու թույլ կտա գցել քվեաթերթիկը քվեատուփի մեջ։
Եթե ընտրողը չի ներկայացնում քվեարկության կտրոն, ապա ինքնասոսնձվող դրոշմանիշ փակցնող և քվեատուփի համար պատասխանատու անդամը տեղեկացնում է տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահին, որն ընտրողից վերցնում է քվեարկության ծրարը, անհապաղ մարում է՝ առանց ծրարի պարունակությունը ստուգելու:
Հանձնաժողովի անդամը ստուգում է կտրոնը և առանց քվեարկության ծրարն ընտրողից վերցնելու քվեաթերթիկին է փակցնում ինքնասոսնձվող դրոշմանիշը, որից հետո բացում է քվեատուփի ճեղքը, և ընտրողը քվեարկության ծրարը գցում է քվեատուփի մեջ:
Եթե ընտրողը կարծում է, որ քվեաթերթիկը սխալ է լրացրել կամ վնասել է, ապա կարող է դիմել հանձնաժողովի նախագահին` նոր քվեաթերթիկ ստանալու համար:
Հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ ընտրողին հատկացվում է նոր քվեաթերթիկ (Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ` քվեաթերթիկներ):
Սխալ լրացված (վնասված) քվեաթերթիկը անհապաղ մարվում է:
Քվեարկելուց հետո ընտրողն անհապաղ պետք է դուրս գա քվեարկության սենյակից։
Ինչպե՞ս դառնալ դիտորդ, Վստահված անձ, Հանձնաժողովի անդամ, Այցելու, ԶԼՄ ներկայացուցիչ
ՀՀ-ում ընտրությունների ողջ ընթացքում ընտրատեղամասում գտնվելու իրավունք ունեն նաև՝
- դիտորդները,
- վստահված անձինք,
- հանձնաժողովի անդամները,
- այցելուները,
- ԶԼՄ ներկայացուցիչները։
Դիտորդ
Ո՞վ է դիտորդը
18 տարին լրացած ՀՀ կամ օտարերկրյա քաղաքացի, որը ներկայացնում է հավատարմագրված դիտորդական կազմակերպություն։
Դիտորդը հետևում է քվեարկության ընթացքին՝ ընտրատեղամասերում կամ տարածքային հանձնաժողովներում։ Արձանագրում է խախտումներ, կազմում զեկույցներ, ապահովում է թափանցիկություն։
Ինչպե՞ս դառնալ դիտորդ
Քայլ 1
Գտիր դիտորդական կազմակերպություն
Ընտրիր կազմակերպությունն ու խոսիր նրանց հետ՝ զանգելով կամ գրելով սոցիալական էջերին, կայքին կամ էլ․ հասցեին։
Քայլ 2
Լրացրու հայտը
Կազմակերպությունից ստացիր հայտադիմումն ու լրացրու այնտեղ պահանջվող անձնական տվյալներդ։
Քայլ 3
Վերապատրաստվիր
Հայտադիմումը լրացնելուց հետո կազմակերպությունը կօգնի քեզ վերապատրաստվել՝ կազմակերպելով դասըթնացներ։
Քայլ 4
Ստացիր վկայական
Դասընթացները բարեհաջող ավարտելուց հետո ստացիր ԿԸՀ-ից դիտորդի վկայականդ և հետևիր ընտրությունների ընթացքին։
Վստահված անձ
Ո՞վ է վստահված անձը
Վստահված անձ կարող է լինել միայն այն անձը, ով՝
-
ՀՀ քաղաքացի է,
-
Գրանցված է այն կուսակցության կամ դաշինքի կողմից, որը մասնակցում է ընտրություններին,
-
Համաձայն է ներկայացնել տվյալ թեկնածուի կամ կուսակցության շահերը։
Վստահված անձը՝
-
Հետևում է քվեարկության և հաշվարկման օրինականությանը,
Վստահված անձը կարող է՝
-
ներկայացնել բողոքներ կամ դիտարկումներ հանձնաժողովին,
-
ներկա լինել քվեարկության ընթացքում,
-
ունենալ կապի միջոցներ և արձանագրել ընտրական գործընթացը՝ առանց խոչընդոտելու։
Ինչպե՞ս դառնալ վստահված անձ
Քայլ 1
Ընտրիր թեկնածուին կամ կուսակցությունը
Նախ՝ որոշիր, թե որ թեկնածուին կամ կուսակցությանն ես աջակցելու ընտրությունների ժամանակ։
Քայլ 2
Դիմիր նրանց
Կապ հաստատիր կուսակցության շտաբի կամ գրասենյակի հետ ու տեղեկացրու, որ ուզում ես լինել նրանց վստահված անձը։
Քայլ 3
Փոխանցիր տվյալներդ
Դիմելուցդ հետո նրանք քո տվյալները կներկայացնեն ԿԸՀ կամ Տարածքային ընտրական հանձնաժողովին։
Քայլ 4
Ստացիր վկայական
Տվյալներիդ փոխանցումից հետո ստացիր վկայականդ ու հետևիր ընտրությունների ընթացքին։
ՏԸՀ անդամ
Ո՞վ է Տեղական ընտրական հանձնաժողովի անդամը
Հանձնաժողովի անդամ դառնալու համար անհրաժեշտ է՝
- լինել ՀՀ քաղաքացի,
- լինել 18 տարին լրացած,
- ունենալ ընտրական իրավունք,
- չլինել ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության համար դատապարտված,
- չունենալ չհաղորդված դատվածություն։
Հանձնաժողովի անդամը մասնակցում է ընտրությունների կազմակերպման և անցկացման ամբողջ գործընթացին, մասնավորապես՝
- Նշում է ընտրողների ցուցակը,
- հսկում է քվեարկության ընթացքը,
- հաշվում է քվեաթերթիկները,
- ստորագրում է արձանագրությունները,
- հետևում է ընտրությունների օրինականությանը տեղամասում։
Ինչպե՞ս դառնալ ՏԸՀ անդամ
Քայլ 1
Ընտրիր կուսակցությունը կամ դաշինքը
Ընտրիր այն կուսակցությունը կամ դաշինքը,որի անունից ցանկանում ես մասնակցել ընտրություններին։
Քայլ 2
Փոխանցիր տվյալներդ
Տվյալներդ փոխանցիր տվյալ կուսակցությանը կամ դաշինքին։
Քայլ 3
Մասնակցիր դասընթացներին
Մասնակցիր ԿԸՀ-ի կողմից կազմակերպած դասընթացներին՝ քննություններին պատրաստվելու և ընտրությունների մանրամասներին տեղեկանալու համար։
Քայլ 4
Ստացիր վկայական
Հանձնիր վերապատրաստման քննությունդ, ստացիր վկայականդ ու մասնակցիր ընտրություններին։
Այցելու
Ո՞վ է այցելուն
Այցելու կարող են դառնալ ՀՀ-ում գրանցված, միջազգային կազմակերպությունների կամ օտարերկրյա պետությունների ներկայացուցիչներ, դիվանագետներ, ովքեր չեն հանդիսանում դիտորդական առաքելության կամ ԶԼՄ-ի ներկայացուցիչ։
Այցելուն կարող է՝
- Ազատորեն այցելել ընտրական տեղամասեր,
- դիտել քվեարկության և հաշվարկման գործընթացը,
- ծանոթանալ ընտրությունների անցկացման պայմաններին։
Այցելուն չի կարող՝
- Միջամտել կամ ներգրավվել ընտրական գործընթացին,
- հարցեր տալ հանձնաժողովի անդամներին կամ ընտրողներին,
- որևէ ձևով ազդել գործընթացի վրա։
Ինչպե՞ս դառնալ այցելու
Քայլ 1
Ներկայացրու դիմում
Ներկայացրու գրավոր դիմում ԿԸՀ՝ քո տվյալներով։
Քայլ 2
Կցիր փաստաթղթերդ
Կցիր քո անձը հաստատող փաստաթղթի պատճենը։
Քայլ 3
Սպասիր հաստատմանը
Դիմումդ ստանալուց հետո ԿԸՀ-ն կուսումնասիրի այն և կհայտնի քեզ պատասխանի մասին։
Քայլ 4
Ստացիր հավատարմագրում
Հաստատումից հետո ստացիր հավատարմագրումդ ԿԸՀ-ից և մասնակցիր ընտրություններին։
ԶԼՄ
Ո՞վ է ԶԼՄ անդամը
ԶԼՄ ներկայացուցիչ կարող են դառնալ պետականորեն գրանցված լրատվամիջոցների լրագրողները, օպերատորները կամ խմբագիրները, ովքեր ցանկանում են լուսաբանել ընտրությունները։
ԶԼՄ ներկայացուցիչները իրավունք ունեն՝
- Մուտք գործել ընտրատեղամասեր և ընտրական հանձնաժողովներ,
- լուսանկարել, տեսանկարել և հարցազրույց վերցնել՝ առանց խանգարելու քվեարկության ընթացքին ու գաղտնիությանը,
- հետևել քվեարկության և հաշվարկման ընթացքին,
ԶԼՄ ներկայացուցիչները իրավունք չունեն՝
- Մասնակցել ընտրական գործընթացին,
- արտահայտել որևէ քաղաքական դիրքորոշում տեղում։
Ինչպե՞ս դառնալ ԶԼՄ ներկայացուցիչ
Քայլ 1
Դիմեք ԿԸՀ
Լրատվամիջոցը գրավոր դիմում է ներկայացնում ԿԸՀ՝ իր աշխատակիցների ցուցակով։
Քայլ 2
Տրամադրեք փաստաթղթերը
Ներկայացնում է ԶԼՄ-ի պետական գրանցման վկայականի պատճեն։
Քայլ 3
Ստացեք հավատարմագրում
Հաստատումից հետո ստացեք ԿԸՀ-ի կողմից հավատարմագրումն ու մասնակցեք ընտրություններին։
Ուղեցույցը կազմվել է Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության կողմից
Այս էջը օգտակա՞ր էր