Արձակուրդի ի՞նչ տեսակներ կան երեխա ունենալիս

Ուղեցույցում ներկայացված են մանրամասն տեղեկություններ հղիության և երեխայի վաղ մանկության շրջանում նրան խնամելու համար տրամադրվող արձակուրդների վերաբերյալ.

Հղիության և ծննդաբերության արձակուրդ

Հղիության և ծննդաբերության արձակուրդը աշխատող կանանց տրամադրվող վճարվող արձակուրդի տեսակ է, որը հաշվարկվում և տրամադրվում է ամբողջությամբ՝ հղիության և ծննդաբերության ժամանակահատվածների համար։

Ժամանակից շուտ ծննդաբերելու դեպքում հղիության արձակուրդի չօգտագործված օրերը գումարվում են ծննդաբերության արձակուրդի օրերին: 

Հայրության արձակուրդ

Երեխայի ծնունդից հետո 30 օրվա ընթացքում նորածնի հոր ցանկությամբ կարող է տրամադրվել 5 աշխատանքային օր տևողությամբ վճարովի արձակուրդ, որի յուրաքանչյուր օրվա համար վճարվում է միջին օրական աշխատավարձ։

Երեխայի հայրը կարող է ստանալ նաև մինչև 2 ամիս չվճարվող արձակուրդ երեխայի ծնունդից հետո առաջին տարվա ընթացքում, եթե նրա կինը գտնվում է ծննդաբերության կամ մինչև մեկ տարեկան երեխայի խնամքի արձակուրդում։

Երեխայի խնամքի արձակուրդ

Իրավունքները հղիության կամ երեխայի խնամքի փուլում աշխատելիս

Եթե հղի ես կամ խնամում ես մինչև մեկ տարեկան երեխայի և միաժամանակ աշխատում ես, քեզ համար կարող է սահմանվել ոչ լրիվ աշխատանքային օր կամ շաբաթ։

Այս դեպքում աշխատանքը կվարձատրվի՝ ըստ փաստացի աշխատած ժամանակի կամ կատարված աշխատանքի։

Հղիության ու ծննդաբերության արձակուրդից առաջ կամ հետո քեզ կարող է տրամադրվել  նաև ամենամյա արձակուրդ՝ մինչև անընդմեջ աշխատանքի վեց ամիսը լրանալը։ 

Քո համաձայնությամբ կարող ես նաև մեկնել գործուղման կամ աշխատել՝

  • արտաժամյա,

  • հանգստյան օրերին,

  • տանը կամ կազմակերպությունում հերթապահությամբ (հղի կանանց կամ մինչև երեք տարեկան երեխա խնամող աշխատողների դեպքում),

  • ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերին։

Ուշադրություն
 
Եթե երեխային կերակրում ես կրծքով, բացի սահմանված ընդմիջման ժամերից՝ ամեն 3 ժամը մեկ քեզ պետք է տրամադրվի առնվազն 30 րոպե տևողությամբ լրացուցիչ ընդմիջում՝ երեխային կերակրելու համար։ Այդ ընդմիջումների ժամանակ դու կվարձատրվես միջին ժամային աշխատավարձիդ չափով:

Ծնողական ժամ

Երեխայի խնամքի փուլում աշխատելիս նաև հնարավորություն ունես օգտվելու «ծնողական ժամ»-ից, որը թույլ է տալիս աշխատանքային օրվա ընթացքում որոշակի ժամանակ հատկացնել երեխաներին, ընդ որում՝ այդ ժամանակահատվածի համար աշխատավարձն ամբողջությամբ պահպանվում է։

Իրավունքից կարող են օգտվել թե՛ մայրերը, թե՛ հայրերը (այդ թվում՝ որդեգրողները, խնամակալները կամ խնամատար ծնողները), ովքեր ունեն.

  • մինչև 2 երեխա (մինչև 12 տարեկան)՝ օրական առավելագույնը 30 րոպե,
  • 3 և ավելի երեխա (մինչև 12 տարեկան)՝ օրական առավելագույնը 1 ժամ,
  • հաշմանդամության խորը կամ ծանր սահմանափակումով երեխա (մինչև 18 տարեկան)՝ օրական առավելագույնը 1 ժամ (անկախ երեխաների ընդհանուր թվից)։

«Ծնողական ժամ»-ից օգտվելու համար պետք է գրավոր դիմում ներկայացնել գործատուին։ Բացակայած 30 րոպեն կամ 1 ժամը կներառվի աշխատաժամանակի մեջ, և ամսվա վերջում աշխատավարձից որևէ պահում չի արվի։

Բաժինը կազմվել է՝ համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի։
Ուղեցույցը կազմվել է Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության, ՀՀ առողջապահության նախարարության և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից
Այս էջը օգտակա՞ր էր