Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
հունիսի 12, 2025
Անապահով ընտանիքների զբաղվածության աջակցության ծրագիր
Կառավարությունը նոր ծրագիր է մեկնարկում անապահով ընտանիքների աշխատունակ անդամներին աշխատանքով ապահովելու համար։ Ծրագրին անցկացվելու է Կոտայքի և Սյունիքի մարզերում և իր մեջ ներառելու է աջակցության 3 բաղադրիչ․
- մասնագիտական ուսուցում + աշխատանք
- աշխատանքային փորձի ապահովում + աշխատանք
- աշխատանք։
Մասնագիտական ուսուցում + աշխատանք
Աջակցության այս բաղադրիչով գործատուն անապահով ընտանիքի աշխատունակ անդամին մասնագիտական հմտություններ է սովորեցնում, այնուհետև ընդունում է աշխատանքի։ Այս դեպքում պետությունը ուսուցման ծախսերի համար գործատուին վճարում է առավելագույնը 250,000 դրամ: Իսկ առնվազն 6 ամսով շահառուի հետ աշխատանքային պայմանագիր կնքելու դեպքում գործատուն պետությունից կստանա ամսական 50,000 դրամ՝ որպես աշխատավարձից հաշվարկվող հարկերի փոխհատուցում։
Աշխատանքային փորձ + աշխատանք
Աջակցության այս բաղադրիչով գործատուն շահառուին 3 ամսով ապահովում է աշխատանքային փորձառությամբ (պրակտիկա), հետո ևս 3 ամիս՝ աշխատանքով։ Առաջին 3 ամսվա համար (աշխատանքային փորձառություն) պետությունը գործատուին ամսական վճարում է 165,000 դրամ աշխատավարձի համար (հարկերով հանդերձ): Հաջորդ 3 ամսվա համար գործատուն պետությունից ստանում է ամսական 50,000 դրամ դրամ՝ որպես աշխատավարձից հաշվարկվող հարկերի փոխհատուցում:
Աշխատանք
Եթե գործատուն շահառուի հետ կնքում է աշխատանքային պայմանագիր 6-11 ամիս ժամկետով, ապա պետությունը գործատուին ամսական վճարում է աշխատավարձի կեսը, բայց ոչ ավելի քան 50,000 դրամ։ Իսկ եթե պայմանագիրը 12 ամսից ավելի է, ապա պետությունը 6 ամիս գործատուին վճարում է աշխատավարձի 70%-ը, բայց ոչ ավելի քան 75,000 դրամ։
Գործատուի և աշխատողի միջև հարաբերությունների, երկկողմ իրավունքների և պարտավորությունների, արձակուրդի հաշվարկի և աշխատանքային պայմանագրի վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացված են «Աշխատանք և կարիերա» կյանքի իրադարձության ուղեցույցում։