Հարթակը մշակման փուլում է․ քո կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Ստանալ մանկաբարձական և գինեկոլոգիական արտահիվանդանոցային բուժօգնություն
Աջակցության այս ծրագրով պետության կողմից երաշխավորված անվճար կամ արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման շրջանակում (պետական պատվեր) տրամադրվում է գինեկոլոգիական և մանկաբարձական սպասարկում կանանց կոնսուլտացիաներում և առողջության կենտրոններում։
Արտահիվանդանոցային պայմաններում բժշկական օգնությունը և սպասարկումը ներառում է բժշկական օգնության այն տեսակները, որոնց իրականացումը չի պահանջում շուրջօրյա բժշկական հսկողություն և բուժում (այդ թվում` տնային կանչը)։ Այն ընդգրկում է.
- կանխարգելիչ,
- ախտորոշիչ,
- բուժական,
- վերականգնողական միջոցառումներ:
Նախնական զննումից հետո ծառայության մատուցման տարբեր փուլերում կընդգրկվեն նաև այլ մասնագետներ, և կկազմակերպվի լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների իրականացման գործընթացը:
Ծրագրի մասին
Արտահիվանդանոցային մանկաբարձագինեկոլոգիական բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում իրականացվում է․
- հղիների, այդ թվում՝ բարձր ռիսկի խմբի հղիների և ծննդկանների հսկողություն,
- կանանց գինեկոլոգիական բժշկական օգնության և սպասարկման ապահովումը, կանխարգելիչ հետազոտումն ու բուժումը առանց այցելությունների թվի սահմանափակման և դեղերի տրամադրում,
- Քաղաղացիական կացության ակտերի գրանցման (ԶԱԳՍ) մարմիններում ամուսնությունը գրանցած զույգերի հղիության պլանավորման նպատակով խորհրդատվության և հետազոտությունների իրականացում։
Ներկայացվող պահանջները
Աջակցությունից կարող են օգտվել․
- ՀՀ քաղաքացիություն ունեցող կանայք,
- ՀՀ քաղաքացու հետ գրանցված ամուսնության մեջ գտնվող օտարերկրյա քաղաքացի կանայք,
- օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող կանայք,
- ՀՀ-ում փախստականի և ապաստան հայցողի կարգավիճակ ունեցող հղի կանայք։
Պահանջվող փաստաթղթերը
Մանկաբարձական և գինեկոլոգիական արտահիվանդանոցային բուժօգնություն ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել․
- անձը հաստատող փաստաթուղթ,
- հանրային ծառայությունների համարանիշ (ՀԾՀ), իսկ բացակայության դեպքում՝ ՀԾՀ-ի մասին տեղեկանք։
Տրամադրման կարգը
- Բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի, առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում արտահիվանդանոցային մանկաբարձագինեկոլոգիական բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացվում է արտահիվանդանոցային բժշկական կազմակերպություններում (առողջության կենտրոններ, կանանց կոնսուլտացիաներ):
- Բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի, առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում արտահիվանդանոցային պայմաններում ցուցաբերվող մանկաբարձագինեկոլոգիական բժշկական օգնությունն ու սպասարկումը հիմնականում իրականացվում է կցագրված բնակչության սպասարկման սկզբունքով, միաժամանակ` յուրաքանչյուր բնակիչ իր բնակավայրի վարչական տարածքի շրջանակներում իրեն սպասարկող բժշկին` մանկաբարձ-գինեկոլոգին, ընտրելու իրավունքն ունի, ընտրված բժշկական կազմակերպությունում ստանալով բժշկական օգնություն և սպասարկում միայն նախածննդյան և հետծննդյան հսկողության մասով:
Հղում օրենսդրությանը
- ՀՀ առողջապահության նախարարի՝ 2020 թվականի հունվարի 22-ի թիվ N 198-Ն հրաման
- ՀՀ կառավարության՝ 2019 թվականի մաիսի 30-ի N 642-Ն որոշում
Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում (անհրաժեշտ է կարդալ ակտի վերջին տարբերակը)։
Աշխատանքային ժամեր՝
09:00-18:00
Հեռախոսահամար`
(+374) 060 80-80-03
Թեժ գիծ՝
8003
Աշխատանքային ժամեր՝
09:00-18:00
Հեռախոսահամար`
(+374) 060 80-80-03
Թեժ գիծ՝
8003