Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Ստանալ ընտանիքում բռնության ենթարկված անձանց ֆինանսական աջակցություն
Ծրագրի շրջանակում տրամադրվում է մինչև 150,000 դրամի չափով ֆինանսական աջակցություն ընտանիքում բռնության ենթարկված անձանց։
Եթե ընտանիքում բռնության ենթարկված անձն անչափահաս է կամ անգործունակ, ապա դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնում է նրա օրինական ներկայացուցիչը (ծնող, որդեգրող, խնամակալ, խնամատար ծնող կամ հոգաբարձու) կամ խնամակալության և հոգաբարձության մարմինը, որը գործում է յուրաքանչյուր վարչական շրջանին և համայնքապետարանին կից։
Ծրագրի մասին
Ծրագիրը նախատեսված է ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց օգնելու համար: Աջակցությունը տրամադրվում է, որպեսզի բռնության ենթարկված անձը կարողանա հոգալ իր և իր խնամքի տակ գտնվող անձանց կենսաապահովման նվազագույն կարիքները և ձեռք բերել ժամանակավոր կացարան՝ բնակելի տարածքի վարձակալության ծախսերը ամբողջությամբ կամ մասնակի փոխհատուցման միջոցով:
Ֆինանսական աջակցությունը բաղկացած է 3 մասից՝
- բազային արտակարգ վճար,
- բնակարանային աջակցություն,
- խնամակալի աջակցությունը։
Ներկայացվող պահանջները
Ընտանիքում բռնության ենթարկված անձին ֆինանսական աջակցություն տրամադրվում է՝ ըստ սահմանված դիմում-հարցաթերթի պատասխանների արդյունքի։Բազային աջակցություն տրամադրվում է հետևյալ պայմաններով՝
- դիմողը պետք է հանդիսանա ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձ,
- բռնության ենթարկված անձը չպետք է ունենա 65,000 դրամը գերազանցող եկամուտ,
- դիմողը պետք է ունենա սնունդի, հագուստի կամ հիգիենայի պարագաների հրատապ կարիք,
- դիմողը չպետք է ունենա սեփական միջոցներ՝ հոգալու այդ կարիքները,
- դիմողին նույն դեպքով վերջին 12 ամսվա ընթացքում չպետք է տրամադրված լինի ֆինանսական աջակցություն։
Բնակարանային աջակցության համար դիմողը պետք է ունենա անվտանգ կացարանի կարիք և համապատասխանի հետևյալ պայմաններից առնվազն մեկին՝
- չի կարող վերադառնալ իր բնակության վայր,
- չունի այլընտրանքային կացարան,
- չի ցանկանում տեղափոխվել ապաստարան,
- ապաստարանում գտնվելու առավելագույն ժամկետը սպառված է։
Խնամակալի աջակցություն ստանալու համար անձը պետք է ունենա իր խնամքի տակ գտնվող երեխաներ, տարեցներ կամ հաշմանդամություն ունեցող անձինք:
Պահանջվող փաստաթղթերը
- անձնագրի կամ նույնականացման քարտի պատճեն,
- բռնության ենթարկված անձ հանդիսանալու փաստը հաստատող տեղեկություններ և համապատասխան փաստաթղթեր (առկայության դեպքում),
- բանկային հաշվի համարը և սպասարկող բանկի անվանումը,
- հատուկ կառույցների միջնորդություն՝ օրինակ՝ աջակցության կենտրոն (առկայության դեպքում)։
Աջակցության չափը
Ֆինանսական աջակցությունը հաշվարկվում է հետևյալ բանաձևով՝ Ֆինանսական աջակցություն = Բազային վճար + Բնակարանային աջակցություն + Խնամակալի աջակցություն * (բազմապատկած) N-ով, որտեղ՝
- բազային արտակարգ վճար - 65,000 դրամ (սկզբնական ֆիքսված գումար նվազագույն կենսաապահովման ծախսերի համար),
- բնակարանային աջակցություն - 50,000 դրամ (բնակելի տարածքի կամ կացարանի վարձակալության ծախսերի համար),
- խնամակալի աջակցություն - 30,000 դրամ մեկ խնամարկյալի համար,
- N - խնամարկյալների ընդհանուր թիվը (երեխաներ, տարեցներ, հաշմանդամություն ունեցող անձինք)։
Տրամադրման ժամկետը և կարգը
Ֆինանսական աջակցությունը տրամադրվում է դիմումից հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում՝ դիմումում նշված բանկային հաշվեհամարին։
Հղում օրենսդրությանը
- «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենք։
- ՀՀ կառավարության՝ 2025 թվականի հունվարի 16-ի N 51-Ն որոշում։
Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։
09:00-18:00
Հեռախոսահամար`
Թեժ գիծ՝ 114
Տելեգրամյան ալիք
09:00-18:00
Հեռախոսահամար`
Թեժ գիծ՝ 114
Տելեգրամյան ալիք