Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Ստանալ օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության թույլտվություն (կնքել պայմանագիր)
ՀՀ-ում օգտակար հանածոների արդյունահանման նպատակով անհրաժեշտ է նախևառաջ ստանալ ընդերքի երկրաբանական ուսումնասիրության իրավունք և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ կնքել պայմանագիր։
Ներկայացվող պահանջները
Դիմումը ներկայացնելիս անհրաժեշտ է համապատասխանել շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության համար ներկայացվող պահանջներին՝ դրական եզրակացություն ստանալու նպատակով։
Պահանջվող փաստաթղթերը
Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության թույլտվություն ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել՝
- դիմում (ընդ որում՝ և՛ թղթային և՛ էլեկտրոնային տարբերակներով),
- դիմողի պետական գրանցման համարը,
- աշխատանքների իրականացման համար պահանջվող ժամկետը,
- երկրաբանական ուսումնասիրության ենթակա օգտակար հանածոները,
- երկրաբանական ուսումնասիրության ծրագիրը,
- մետաղական օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության դեպքում` իրական շահառուների վերաբերյալ տեղեկություններ բովանդակող քաղվածք՝ դիմումը ներկայացնելուն նախորդող 5 օրվա դրությամբ,
- մետաղական օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության դեպքում` դիմումը ներկայացնելուց հետո մինչև որոշման կայացումն ընկած ժամանակահատվածում իրական շահառուի փոփոխության դեպքում իրական շահառուների վերաբերյալ տեղեկություններ պարունակող քաղվածք,
- ֆինանսական և տեխնիկական կարողությունների ու միջոցների մասին տեղեկություն,որի (բովանդակությունը սահմանում է կառավարությունը),
- ներկայացված փաստաթղթերի ցանկը,
- սահմանային հողերում սահմանային գետերի ափերին գտնվող հանքերևակումներից ավազի և ավազակոպճային խառնուրդի վերականգնվող պաշարների ուսումնասիրության դեպքում՝ սահմանային շերտի հողամասերի կառավարման լիազոր մարմնի համաձայնությունը:
Տրամադրման ժամկետը և կարգը
Դիմումը ներկայացնելուց հետո 25 օրվա ընթացքում այն ուսումնասիրվում է նախարարության կողմից և ներկայացվում շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության (ՇՄԱԳ)։
ՇՄԱԳ եզրակացությունը տրամադրվում է 40-80 աշխատանքային օրվա ընթացքում։ Դրական եզրակացության դեպքում նախարարությունը 20 օրվա ընթացքում տալիս է համաձայնությունը և դիմողին հրավիրում 10 օրվա ընթացքում վավերացնելու ընդերքի երկրաբանական ուսումնասիրության պայմանագիրը։
Ուշադրություն
Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության թույլտվությունը տրամադրվում է 3 տարի ժամկետով և ենթակա է երկարաձգման՝ միմյանց հաջորդող 3 ժամանակահատվածի համար՝ առավելագույնը 2 տարով։
Վճարման չափը և կարգը
Թույլտվությունը ստանալու նպատակով անհրաժեշտ է վճարել 50,000 դրամ։ Վճարումը հնարավոր է կատարել առցանց եղանակով կամ բանկային փոխանցմամբ 900005169371 հաշվեհամարին։
Հղում օրենսդրությանը
- ՀՀ Ընդերքի օրենսգիրք
- Կառավարության 2024 թվականի ապրիլի 4-ի N 477-Ն որոշում
Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։