Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Ստանալ տեղեկատվություն պետական մարմիններից
Յուրաքանչյուր անձ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեության մասին տեղեկություններ ստանալու և փաստաթղթերին ծանոթանալու իրավունք ունի։
Տեղեկատվություն հնարավոր է ստանալ ինչպես բանավոր, այնպես էլ գրավոր դիմումի հիման վրա։
Պահանջվող փաստաթղթերը
Պետական մարմիններից տեղեկատվություն ստանալու համար դիմողը պետք է ներկայացնի գրավոր հարցում՝ նշելով իր տվյալները՝
- անուն,
- ազգանուն,
- քաղաքացիություն,
- բնակության, աշխատանքի կամ ուսումնական հաստատության հասցե:
Տրամադրման ժամկետը և կարգը
- Եթե հարցվող տեղեկատվությունը հրապարակված չէ, ապա դրա պատճենը դիմողին տրամադրվում է հարցումը ստանալուց հետո մինչև 5 օր ժամկետում։
- Եթե հարցվող տեղեկատվությունը հրապարակված է, ապա հարցումը ստանալուց հետո մինչև 5 օր ժամկետում դիմողը տեղեկացվում է, թե երբ և որտեղ է հրապարակվել այդ տեղեկատվությունը։
- Եթե հարցվող տեղեկատվությունը տրամադրելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, ապա այդ տեղեկատվությունը դիմողին է տրվում դիմումն ստանալուց հետո 30 օր ժամկետում: Հարցումն ստանալուց հետո մինչև 5 օր ժամկետում դիմողն այդ մասին կտեղեկացվի էլեկտրոնային փոստի միջոցով, որտեղ կնշվի հետաձգման պատճառը և տեղեկատվությունը տրամադրելու վերջնական ժամկետը։
Գրավոր հարցմանը պատասխան չի տրվում, եթե․
- այն չի պարունակում դիմողի վերաբերյալ օրենքով սահմանված բոլոր տվյալները,
- պարզվում է, որ դիմողի ինքնությանը վերաբերող տվյալները կեղծ են,
- նույն անձը նույն տեղեկատվությունն ստանալու պահանջով վերջին 6 ամսվա ընթացքում դիմում է ներկայացնում երկրորդ անգամ։
Ուշադրություն
- Դիմողը պարտավոր չէ հիմնավորել հարցումը։
- Տեղեկության տրամադրման մերժումը հնարավոր է բողոքարկել համապատասխան պետական կառավարման մարմնի գրասենյակում, դատարանում կամ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում։
Վճարման չափը և կարգը
Տեղեկատվության տրամադրումն անվճար է հետևյալ դեպքերում.
- բանավոր հարցումների պատասխանելիս,
- մինչև 10 էջ տպագրված կամ պատճենահանված տեղեկատվություն տրամադրելիս,
- տեղեկատվությունն էլեկտրոնային փոստով տրամադրելիս,
- այնպիսի տեղեկատվության վերաբերյալ գրավոր հարցումներին պատասխանելիս, որի հրապարակումը կարող է կանխել պետական և հասարակական անվտանգությունը, կամ այնպիսի վտանգ, որը սպառնում է հասարակական կարգին, հանրության առողջությանն ու բարքերին, այլ անձանց իրավունքներին և ազատություններին, շրջակա միջավայրին, անձանց սեփականությանը,
- տեղեկության տրամադրումը մերժելիս,
- ոչ հավաստի կամ ոչ լրիվ տվյալներ պարունակող տեղեկատվություն տրամադրած մարմինը կամ կազմակերպությունն այդ տեղեկատվությունը ստացած անձի հարցման հիման վրա ճշգրտված տվյալներով տեղեկատվություն տրամադրելիս:
Տեղեկատվություն ստանալու համար վճարելու անհրաժեշտություն կարող է առաջանալ կոնկրետ դեպքերում։ Տեղեկատվության տրամադրման համար գանձվող գումարի չափը որոշվում է համապատասխան մարմնի կողմից։
Հղում օրենսդրությանը
- «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենք
Օրենքը հնարավոր է գտնել arlis.am-ում (անհրաժեշտ է կարդալ ակտի վերջին տարբերակը)։
Ծառայությունից տարբեր եղանակներով օգտվելիս կարող են տարբեր քանակությամբ ռեսուրսներ և ժամանակ պահանջվել։