ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Քաղաքացիություն, նույնականացում և կացության կարգավիճակ

Ստանալ ՀՀ քաղաքացիություն, եթե դիմողի ծնողը նախկինում ունեցել է քաղաքացիություն

Անձը կարող է ստանալ քաղաքացիություն, եթե ծնողները կամ նրանցից մեկը նախկինում ունեցել են ՀՀ քաղաքացիություն և վերջին 1 տարին մշտապես բնակվել են ՀՀ-ում։

Քաղաքացիություն ստանալու համար անհրաժեշտ է անձամբ դիմել Դավթաշեն, 4-րդ թաղամաս, 17/10 հասցեում գտնվող քաղաքացիության շնորհման վարչություն (ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայություն)` նախապես այց ամրագրելով migration-e.gov.am կայքի կամ earlyone հավելվածի միջոցով։ 

Ծառայությունից հնարավոր է օգտվել ֆիզիկապես՝ նախապես այց ամրագրելով։
Ո՞վ կարող է դիմել
Օտարերկրացիներ, քաղաքացիություն չունեցող անձինք
Դիմելու տևողությունը
15-30 րոպե
Ծառայության արժեքը
1,000 դրամ
Տրամադրման տևողությունը
90 աշխատանքային օր

Այց ամրագրելիս անհրաժեշտ է նշել այն անձի տվյալները, ով անձամբ ներկայանալու է ընդունելության: Յուրաքանչյուր այցելուի համար անկախ տարիքից անհրաժեշտ է կատարել անհատական հերթագրում։ Ընդ որում՝ 75 տարեկանից բարձր անձանց սպասարկումը իրականացվում է «կենդանի հերթ» ձևաչափով։

Առցանց հերթագրվելու համար անհրաժեշտ է՝

  • նույնականացումից հետո լրացնել պահանջվող տվյալները (անունն ու ազգանունն անհրաժեշտ է լրացնել այնպես, ինչպես գրված է անձնագրում) և սեղմել «Հաջորդ էջ» կոճակը,
  • բացվող էջում մուտքագրել էլ․ փոստի հասցեն և հեռախոսահամարը, այնուհետև՝ էլ․ փոստին ուղարկված կոդը,
  • բացվող էջի «Այցի ամրագրում» դաշտում ընտրել «Դավթաշեն, 4-րդ թաղամաս, 17/10» հասցեն (Քաղաքացիության շնորհման վարչություն), 
  • անհրաժեշտ է լրացնել այն անձի տվյալները, ում համար ներկայացվում է դիմումը,
  • «Ընտրել օր և ժամ» պատուհանում ընտրել հասանելի օրերից ու ժամերից ամենահարմար տարբերակը։

Իսկ earlyone հավելվածով՝ մուտք գործել «Պետական» դաշտը, ընտրել «Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն» բաժինը, մասնաճյուղերից՝ «Քաղաքացիության շնորհման վարչություն»-ը, որից հետո «Քաղաքացիություն ստանալու կամ քաղաքացիություն դադարեցնելու դիմումի ներկայացում» ենթաբաժինը և, ըստ պահանջվող հերթականության, լրացնել տվյալները։ 

Ուշադրություն 
Հերթագրման հայտը համարվում է ամրագրված, եթե նշված էլեկտրոնային հասցեին դիմումատուն ստանում է այդ մասին համապատասխան հաղորդագրություն։ 

Ներկայացվող պահանջները

Անձը կարող է ստանալ ՀՀ քաղաքացիություն, եթե ծնողները (կամ նրանցից մեկը) նախկինում ունեցել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, և եթե նա օրենքով սահմանված կարգով վերջին մեկ տարին մշտապես բնակվել է Հայաստանի Հանրապետությունում։ 

Պահանջվող փաստաթղթերը

Նախատեսված այցի օրը և ժամին Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում կլրացվի դիմում, որին կից անհրաժեշտ է ներկայացնել՝

  • օտարերկրյա պետության կողմից տրված վավեր անձնագիր և դրա պատճենը,
  • 35 x 45 մմ չափսի 6 լուսանկար (գունավոր),
  • ծննդյան վկայականը և դրա պատճենը,
  • ամուսնության (ամուսնալուծության) վկայականը, դրա պատճենը և ամուսնու անձնագրի պատճենը (եթե փոխել է ազգանունը ամուսնության հիմքով),
  • անձնական տվյալներում փոփոխություն կատարելու վերաբերյալ փաստաթուղթ (եթե անձը կատարել է նման փոփոխություն),
  • ծնողների (կամ նրանցից մեկի) նախկինում ՀՀ քաղաքացիություն ունենալու փաստը հաստատող փաստաթուղթ,
  • դիմումատուի օրենքով սահմանված կարգով վերջին 1 տարում ՀՀ-ում մշտապես բնակվելու փաստը հավաստող փաստաթուղթ,
  • պետական տուրքի վճարման անդորրագիրը։

Օտար լեզվով փաստաթղթերը անհրաժեշտ է ներկայացնել հայերեն թարգմանված և նոտարական կարգով հաստատված։

Ուշադրություն
Հայկական ազգություն չունեցող անձինք ՀՀ քաղաքացիության դիմում ներկայացնելուց տեղում պետք է հանձնեն ՀՀ Սահմանադրության թեստ։

Վճարման չափը և կարգը

ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմելիս անհրաժեշտ է վճարել 1,000 դրամ։

Վճարումն իրականացվում է հետևյալ եղանակներից մեկով՝

  • E-payments համակարգի միջոցով,
  • բանկային փոխանցման միջոցով ՀՀ պետական բյուջեի հաշվեհամարին՝ 900005160529 (եթե բանկային հավելվածում չի ստացվում փոխանցում կատարել այս հաշվեհամարին, ապա խնդրում ենք ընտրել «Փոխանցում պետական բյուջե» տարբերակը)։

Ուշադրություն
2025 թվականի սեպտեմբերի 1-ից պետական տուրքը ՀՀ քաղաքացիություն ստանալու համար կազմելու է 50,000 ՀՀ դրամ։ 

Տրամադրման ժամկետը և կարգը

  • Դիմումը ներկայացնելուց հետո 90 աշխատանքային օրվա ընթացքում դիտարկվում է անձի դիմումը։
  • Քաղաքացիություն ստանալու դիմումը ներկայացնելուց հետո անձը ստանում է իր անհատական ծածկագիրը SMS հաղորդագրությամբ՝ իր դիմումի համարով կամ նամակ էլեկտրոնային հասցեին, որով կարող է հետևել դիմումի ընթացքին։
  • ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումը բավարարվելու կամ մերժելու դեպքում անձը այդ մասին տեղեկացվում է SMS հաղորդագրությամբ կամ էլեկտրոնային հասցեին ուղարկված նամակով։
  • Դիմումը բավարարվելու դեպքում անձն այդ մասին տեղեկացվում է SMS հաղորդագրությամբ, որից հետո կարող է դիմել ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալու համար։

Հղում օրենսդրությանը

  • «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենք
  • «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք
  • ՀՀ կառավարության 2007 թվականի նոյեմբերի 23-ի N 1390-Ն որոշում
  • ՀՀ կառավարության 2007 թվականի հոկտեմբերի 4-ի N 1154-Ն որոշում

Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։

Տեխնիկական աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00

Հեռախոսահամար`
0-8000-2020
(+374) 010 58-59-80

Ծառայության գծով աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր`
09:00 - 17:00
Հեռախոսահամար`
(+374 10) 37-02-64

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայություն
Այս էջը օգտակա՞ր էր