Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Հաշվառվել (գրանցվել) բնակության վայրի հասցեում
Բնակության վայրում հաշվառվելիս (գրանցվելիս) անձի բնակության վայրի մասին տվյալները գրանցվում են բնակչության պետական ռեգիստրում, ինչի շնորհիվ նա կարող է մասնակցել ընտրությունների, ազատ տեղաշարժվել կամ փոխել բնակության վայրը, օգտվել մասնավոր ու պետական բազմաթիվ ծառայություններից։
Հաշվառվելու համար անհրաժեշտ է ֆիզիկապես ներկայանալ բնակության վայրի միգրացիայի և քաղաքացիության ծառայության ստորաբաժանում՝ նախապես այց ամրագրելով կամ տեղում «կենդանի հերթ» ձևաչափով։
Այց ամրագրելիս անհրաժեշտ է նշել այն անձի տվյալները, ով անձամբ ներկայանալու է ընդունելության: Յուրաքանչյուր այցելուի համար անկախ տարիքից անհրաժեշտ է կատարել անհատական հերթագրում։
Առցանց հերթագրվելու համար անհրաժեշտ է՝
-
նույնականացումից հետո «Դիմորդի էջ»-ում լրացնել պահանջվող տվյալները (անունն ու ազգանունն անհրաժեշտ է լրացնել հայատառ, ինչպես գրված է անձնագրում) և սեղմել «Հաջորդ էջ» կոճակը,
-
բացվող էջի «Այցելության վայր» դաշտում ընտրել նախընտրելի բաժանմունքը կամ վարչությունը,
-
ընտրել հասանելի օրերից ու ժամերից ամենահարմար տարբերակը։
Ուշադրություն
Հերթագրման հայտը համարվում է ամրագրված, եթե դիմողը էլեկտրոնային հասցեին ստանում է այդ մասին համապատասխան հաղորդագրություն։
Պահանջվող փաստաթղթերը
Կախված այն հանգամանքից, թե ինչ հիմքով է անձը դիմում բնակության հասցեում հաշվառվելու համար, պահանջվող փաստաթղթերի ցանկը կարող է տարբերվել։
Սեփականության իրավունքի հիման վրա բնակության հասցեում գրանցվելիս
Սեփականության իրավունքի հիման վրա բնակության հասցեում հաշվառվելու դեպքում անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
ՀՀ քաղաքացի լինելու դեպքում՝
- անձնագիր,
- բնակարանի/տան սեփականության իրավունքի վկայական,
- պետական տուրքի վճարման անդորրագիրը։
Օտարերկրյա քաղաքացի լինելու դեպքում՝
- ՀՀ-ում օրինական բնակության իրավունքը հավաստող փաստաթուղթ, իսկ ՌԴ քաղաքացիների դեպքում՝ անձնագիր և դրա նոտարական կարգով վավերացմամբ թարգմանություն,
- բնակարանի/տան սեփականության իրավունքի վկայական,
- սեփականատիրոջ (համասեփականատերերի) համաձայնագիր,
- սեփականատիրոջ (համասեփականատերերի) անձը հաստատող փաստաթուղթ,
- պետական տուրքի վճարման անդորրագիրը։
Հարկ է նշել, որ և՛ ՀՀ քաղաքացու, և՛ օտարերկրացու կողմից հաշվառման դիմում ներկայացնելու դեպքում սեփականատիրոջ (համասեփականատերերի) կողմից անձամբ չներկայանալու պարագայում համաձայնությունը պետք է վավերացված լինի նոտարական կարգով։
Սեփականատերը նշված համաձայնությունը տալիս է անձամբ կամ նոտարական վավերացմամբ: Համաձայնության մեջ պետք է նշվեն այն անձանց տվյալները (անուն, ազգանուն, հայրանուն և ծննդյան օր, ամիս, ամսաթիվ), որոնց սեփականատերը ցանկանում է հաշվառել իր բնակելի տարածության հասցեում:
Այն դեպքում, երբ բնակելի տարածությունն ունի մի քանի սեփականատեր, ապա անձին հաշվառելու համար անհրաժեշտ է ներկայացնել բոլոր սեփականատերերի համաձայնությունը:
Վարձակալության պայմանագրի հիման վրա բնակության հասցեում գրանցվելիս
Անկախ քաղաքացիությունից՝ տվյալ տարածքում բնակվող անձինք հաշվառվելու համար պետք է ներկայացնեն՝
- անձնագիր (օտարերկրացու դեպքում՝ ՀՀ-ում օրինական բնակության իրավունքը հավաստող փաստաթուղթ, իսկ ՌԴ քաղաքացու կողմից դիմելու դեպքում՝ անձնագիր և դրա նոտարական վավերացմամբ հայերեն թարգմանությունը),
- ՀՀ Կադաստրի կոմիտեում օգտագործման իրավունքի գրանցված լինելը հավաստող փաստաթուղթ,
- պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ։
Տվյալ տարածքի սեփականատեր չլինելու և վարձակալության պայմանագիր չունենալու դեպքում գրանցվելիս
Անկախ քաղաքացիությունից՝ տվյալ տարածքում բնակվող անձինք հաշվառվելու համար պետք է ներկայանան այդ բնակելի տարածքի սեփականատիրոջ հետ՝ ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը՝
- իրենց և սեփականատիրոջ անձնագրերը (այլ երկրի անձնագրի դեպքում՝ նաև նոտարական վավերացմամբ հայերեն թարգմանությունը),
- բնակարանի սեփականության իրավունքի վկայականը, բնակարանի սեփականատիրոջ համաձայնությունը (համաձայնության ձևը հնարավոր է ներբեռնել այստեղ),
- սեփականատիրոջ բացակայության դեպքում՝ նրա կողմից տրված համաձայնությունը նոտարական հաստատմամբ,
- այլ սեփականատերերի առկայության դեպքում՝ նրանց ներկայությունը կամ տրված գրավոր համաձայնությունը՝ նոտարական կարգով վավերացված:
Փաստացի հասցեում բնակվելու պարագայում հաշվառվելիս անհրաժեշտ է ներկայացնել՝
- ՀՀ քաղաքացին՝ ՀՀ անձնագիր (առկայության դեպքում նաև նույնականացման քարտ),
- ՌԴ քաղաքացին՝ ՌԴ քաղաքացու անձնագիր և դրա նոտարական կարգով վավերացված հայերեն թարգմանությունը,
- օտարերկրացին՝ ՀՀ-ում օրինական բնակությունը հավաստող փաստաթուղթ,
- պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ։
Դիմումի մեջ նշված հասցեում բնակվելու փաստը ստուգվում է ոստիկանության կողմից՝ դիմումը ստանալուց հետո ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ընթացքում: Դիմումի մեջ նշված հասցեում անձի բնակվելու փաստը ստուգելուց հետո նույն աշխատանքային օրը, բայց ոչ ուշ, քան հաջորդ աշխատանքային օրվա ժամը 10։00-ն, ոստիկանության կողմից Միգրացիացիայի և քաղաքացիության ծառայության ստորաբաժանում է ուղարկվում փաստացի բնակվելու փաստը հավաստող կամ հերքող տեղեկատվություն (տեղեկանք կամ գրություն):
Հաշվառումն իրականացվում է փաստացի բնակվելու փաստը հավաստող տեղեկատվությունը (տեղեկանքը կամ գրությունը) ստորաբաժանում ստացվելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում: Փաստացի բնակվելու փաստը հերքող տեղեկատվություն (տեղեկանք կամ գրություն) ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում ստորաբաժանումը գրավոր մերժում է դիմումատուին:
Այն դեպքերում, երբ նախապես հայտնի է բնակելի տարածության սեփականատիրոջ առարկությունն իր բնակելի տարածության հասցեում դիմումատուին հաշվառելու վերաբերյալ, կամ դիմումատուն բնակվում է (գտնվում է) բնակելի տարածություն չհանդիսացող տարածքում, ապա ռեգիստրում կատարվում է նշում փաստացի բնակվելու (գտնվելու) վայրի մասին:
16-18 տարեկան անձը դիմումը ներկայացնում է անձամբ կամ լիազորված անձի միջոցով և կարող է հաշվառվել ծնողներից մեկի հաշվառման հասցեում։
Պահանջվող փաստաթղթերն են՝
● անձը հաստատող փաստաթուղթ (դիմումատուի անձնագիր, ծննդյան վկայական),
● ծնողի (ծնողների) անձը հաստատող փաստաթուղթ,
● պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ
Մինչև 16 տարեկան անձի գրանցման դեպքում
Մինչև 16 տարեկան անձի դեպքում ծնողներից մեկը (օրինական ներկայացուցիչը կամ լիազորված անձը) դիմում է ներկայացնում նրանցից որևէ մեկի մշտական բնակության վայրում երեխային հաշվառելու համար, որի համար ներկայացնում են․
- ծնողների անձնագրերը,
- երեխայի ծննդյան վկայականը, առկայության դեպքում՝ նաև անձնագիրը
- անձը հաստատող փաստաթուղթ (օրինական ներկայացուցչի կամ լիազորված անձի կողմից ներկայացվելու դեպքում)։
16-18 տարեկան անձը դիմում է և կարող է հաշվառվել նաև ծնողներից մեկի հաշվառման հասցեում, եթե ծնողը տվյալ հասցեում հաշվառված է մշտական հիմունքներով:
Վճարման չափը և կարգը
Բնակության հասցեում հաշվառվելու համար անհրաժեշտ է վճարել 1,000 դրամ։
Վճարումն իրականացվում է հետևյալ եղանակներից մեկով՝
- E-payments համակարգի միջոցով,
- բանկային փոխանցման միջոցով ՀՀ պետական բյուջեի հաշվեհամարին՝ 900005162111 (եթե
- բանկային հավելվածում չի ստացվում փոխանցում կատարել այս հաշվեհամարին, ապա խնդրում ենք ընտրել «Փոխանցում պետական բյուջե» տարբերակը),
- վճարային տերմինալի միջոցով կամ առցանց եղանակով։
Մինչև 16 տարեկան ՀՀ քաղաքացու հաշվառման դեպքում պետական տուրք չի գանձվում, իսկ օտարերկրացիների պարագայում անհրաժեշտ է ներկայացնել պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ։
16 տարին լրացած ՀՀ քաղաքացի արական սեռի զինապարտների հաշվառումը իրականացվում է տվյալ հասցեի զինվորական կոմիսարիատում՝ զինվորական հաշվառման կանգնելուց հետո։
Ուշադրություն
Եթե անձի տվյալները ՀՀ բնակչության պետական ռեգիստրում բացակայում են՝ 1981 թվականի նոյեմբերի 28-ից հետո ծնված դիմումատուները հաշվառվելիս պետք է ներկայացնեն նաև ծնողների անձը հաստատող փաստաթղթերը, ծնողների ամուսնության վկայականը (բացակայության դեպքում՝ հայրության ճանաչման վկայականը կամ միայնակ մայր հանդիսանալու վերաբերյալ տեղեկանքը կամ մահվան վկայականը)։
Տրամադրման ժամկետը
Բնակության վայրում հաշվառումն իրականացվում է մշտական հիմունքներով 3 աշխատանքային օրվա, իսկ փաստացի հիմունքերով՝ 8 աշխատանքային օրվա ընթացքում։
Հղում օրենսդրությանը
- «Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրենք
- «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենք
- «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենք
- «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք
- ՀՀ կառավարության՝ 2005 թվականի հուլիսի 14-ի N 1231-Ն որոշում
- ՀՀ կառավարության՝ 2007 թվականի հոկտեմբերի 10-ի N 1154-Ն որոշում
Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։
Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00
Հեռախոսահամար`
0-8000-2020
(+374) 010 58-59-80
Աշխատանքային ժամեր`
09:00 - 17:00
Հեռախոսահամար`
(+374 10) 37-02-64
Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00
Հեռախոսահամար`
0-8000-2020
(+374) 010 58-59-80
Աշխատանքային ժամեր`
09:00 - 17:00
Հեռախոսահամար`
(+374 10) 37-02-64