ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Քաղաքացիություն, նույնականացում և կացության կարգավիճակ

Ստանալ մեծահասակի (16 տարին լրացած) անձնագիր արտասահմանում

ՀՀ քաղաքացիները կարող են ստանալ ՀՀ քաղաքացու անձնագիր՝ անկախ տարիքից։ Անձնագիրն անձի ինքնությունը և քաղաքացիությունը հավաստող փաստաթուղթ է՝ նախատեսված ՀՀ-ից դուրս գալու և ՀՀ վերադառնալու, ինչպես նաև ՀՀ տարածքում օգտագործելու համար։

Արտասահմանում անձնագիր ստանալու համար անհրաժեշտ է այցելել տվյալ երկրի ՀՀ դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ՝ նախապես այց ամրագրելով, իսկ դեսպանություն կամ հյուպատոսություն այցելելու հնարավորություն չունենալու դեպքում՝ տեսակապով նույնականացվելով։

Ծառայությունը որոշ երկրներում հասանելի է տեսակապով՝ նախապես հայտ ուղարկելու միջոցով։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ քաղաքացիներ
Դիմելու տևողությունը
15 րոպե
Ծառայության արժեքը
90,000 դրամ
Տրամադրման տևողությունը
3 ամիս

Եթե անձը գտնվում է այնպիսի պետությունում, որտեղ չկա ՀՀ դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ, կամ այնպիսի հեռավոր վայրում, որտեղից հնարավոր չէ կամ դժվար է դիմել մոտակա ՀՀ դեսպանություն, ապա նա կարող է տեսակապով դիմել ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալու համար։


Տեսակապով ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալու համար անհրաժեշտ է նախապես էլեկտրոնային փոստով նամակ ուղարկել [email protected] էլ․ հասցեին՝ վերնագրի դաշտում լատինատառ գրելով դիմողի անունը, ազգանունը և անձնագրի համարը։

Նամակի տեքստում անհրաժեշտ է նշել հետևյալ տեղեկատվությունը․

  • դիմողի անունը, ազգանունը և հայրանունը,
  • ծննդյան ամսաթիվը,
  • անձնագրի համարը,
  • բջջային հեռախոսահամարը,
  • գտնվելու վայրը (երկիր, մարզ, քաղաք),
  • կցել անձնագրի պատճենը կամ լուսանկարը, իսկ առաջին անգամ անձնագիր ստանալու դեպքում՝ օտարերկրյա պետության անձնագիրը, անչափահասի դեպքում՝ ծննդյան վկայականը և ծնողների անձնագրերի պատճենները կամ լուսանկարները,
  • տեսակապով զանգ իրականացնելու հարմար օրերն ու ժամային միջակայքը՝ նշելով ժամային գոտին։


Տեսակապով նույնականացվելուց հետո անհրաժեշտ է ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալու համար պահանջվող փաստաթղթերը փոստային ծառայության միջոցով ուղարկել ՀՀ արտաքին գործերի նախարարություն։


Ներկայացվող պահանջները

ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալու համար անհրաժեշտ է՝

  • գրանցված լինել Բնակչության պետական ռեգիստրում:


Պահանջվող փաստաթղթերը

Անհրաժեշտ է համապատասխան ՀՀ դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ ներկայացնել՝

  • դիմում անձնագիր ստանալու մասին,
  • 35x45 մմ չափսի 4 լուսանկար,
  • արական սեռի քաղաքացիների դեպքում՝ զինվորական գրքույկը և դրա բոլոր էջի պատճենները, տեղեկանք զինվորական հաշվառման մասին կամ տարկետման մասին փաստաթուղթը և դրա պատճենը,
  • պետական տուրքի վճարման անոդորրագիրը։


Վճարման չափը և կարգը

Տեսակապով դիմելու դեպքում անձնագիր ստանալու համար անհրաժեշտ է վճարել 90,000 դրամ։ Վճարումն անհրաժեշտ է կատարել առցանց եղանակով։

Անհրաժեշտ է նաև վճարել անհատական փոստային առաքման համար։ Անհատական փոստային առաքման ծառայության վճարը կազմում է 12,500 - 20,500 դրամ՝ կախված երկրից։ Փոստային առաքման վճարումն անհրաժեշտ է կատարել առցանց եղանակով։

Հնարավոր է նաև անձնագիրը դիմողին ուղարկել լիազորված անձի միջոցով։ Այս դեպքում փոստային առքման համար վճարելու կարիք չի լինի։

Ուշադրություն
Օտարերկրյա պետություններում ՀՀ քաղաքացու անձնագիր տալու կամ փոխանակելու համար պետական տուրքի վճարումից ազատվում են ազգությամբ հայ օտարերկրյա քաղաքացիները կամ ՀՀ քաղաքացիները, ում մշտական բնակության վայրում ստեղծվել է արտակարգ իրավիճակ, որը սպառնում է նրանց կյանքին կամ առողջությանը։

Տրամադրման ժամկետը և կարգը

Անձնագիրը տրամադրվում է դիմումը ներկայացնելուց հետո 3 ամսվա ընթացքում։

ՀՀ արտաքին գործերի նախարարության Հյուպատոսական վարչությունն անհատական փոստային առաքման միջոցով անձնագիրն ուղարկում է դիմողի կողմից նշված՝ օտարերկրյա պետության հասցեով։

Անձնագիրը լիազորված անձի միջոցով ստանալու դեպքում արտասահմանում գտնվող քաղաքացին լրացնում է լիազորագիր, որի միջոցով լիազորված անձը Արտաքին գործերի նախարարությունից ստանում է դիմողի՝ ՀՀ քաղաքացու անձնագիրը և այն ուղարկում դիմողին: 

Անձնագիրն ուղարկելուց հետո էլեկտրոնային փոստի միջոցով դիմողին է ուղարկվում փոստային առաքանու հսկիչ համարը, որի միջոցով հնարավոր է առցանց հետևել առաքանու ընթացքին։


Հղում օրենսդրությանը

  • «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենք
  • «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք
  • ՀՀ կառավարության 2011 թվականի հունիսի 23-ի N 974-Ն որոշում

Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։

Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր` 
10:00 - 18:00
 
Հեռախոսահամար`
0-8000-2020
(+374) 010 58-59-80
Viber: (+374) 041 58-59-80
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
09:00 - 18:00
 
Հեռախոսահամար`
(+374) 060 62-00-00

WhatsApp, Viber
(+374) 055 62-01-11
Այս ծառայությունից հնարավոր է օգտվել նաև այլ եղանակներով։

Ծառայությունից տարբեր եղանակներով օգտվելիս կարող են տարբեր քանակությամբ ռեսուրսներ և ժամանակ պահանջվել։

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ արտաքին գործերի նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր