Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Ստանալ պալիատիվ բժշկական օգնություն
Պալիատիվ բժշկական օգնությունը կյանքին վտանգ սպառնացող կամ անբուժելի հիվանդություն ունեցող պացիենտի և նրա ընտանիքի կյանքի որակի բարելավմանն ուղղված բժշկական օգնություն է, որը տրամադրվում է նրանց ֆիզիկական, սոցիալ-հոգեբանական և այլ խնդիրների լուծման համար։
Պալիատիվ բժշկական օգնություն ստանալու համար պետք է դիմել տեղամասային պոլիկլինկաներ, կատարել տնային կանչեր, դիմել հոսպիսին (պալիատիվ խնամքի մասնագիտացված կենտրոններ) կամ այլ համապատասխան բժշկական հաստատություններ՝ կախված պացիենտի վիճակից։
ՀՀ մարզերում պետական պատվերի շրջանակներում արտահիվանդանոցային պալիատիվ բժշկական օգնության ծառայություն մատուցվում է ՀՀ Արարատի, Արմավիրի, Կոտայքի, Տավուշի, Արագածոտնի, Վայոց ձորի մարզերում:
Ծրագրի մասին
Պալիատիվ բուժօգնությունը կամ խնամքը տրամադվում է հետևյալ եղանակներով․
- արտահիվանդանոցային պալիատիվ բուժօգնության ծառայությունները տրամադրվում են պոլիկլինիկաներում՝ տվյալ հաստատության աշխատանքային ժամերին, այդ թվում՝ տնային կանչերի միջոցով,
- շարժական (մոբիլ) պալիատիվ բուժօգնությունը կարող է տրամադրվել արտահիվանդանոցային կամ հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական հաստատությունում կամ հիվանդի տանը՝ այդ բուժհաստատության կողմից,
- հիվանդանոցային (ստացիոնար) պալիատիվ բուժօգնության դեպքում պացիենտների հիվանդանոցային բուժումն իրականացվում է համապատասխան լիցենզիա ունեցող հաստատություններում,
- պալիատիվ բուժօգնությունը հոսպիսներում (պալիատիվ խնամքի մասնագիտացված կենտրոններ) տրամադրվում է հիվանդությունների զարգացման վերջին փուլում գտնվող այն պացիենտներին, որոնց համար անհրաժեշտ է հիվանդանոցային երկարատև խնամք։
Ներկայացվող պահանջները
Պալիատիվ բժշկական օգնություն և սպասարկում ստանալու պայմանը ցանկացած անձի դեպքում իր կամ շրջապատի կյանքին վտանգ սպառնացող, շարունակական կամ կյանքը սահմանափակող հիվանդություն ունենալն է։
Պահանջվող փաստաթղթերը
Պալիատիվ բժշկական օգնություն և սպասարկում ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել․
- պացիենտի անձնագիրը կամ նույնականացման քարտը,
- պացիենտի հանրային ծառայությունների համարանիշը (ՀԾՀ)։
Վճարման չափը և կարգը
Պալիատիվ բուժօգնությունն իրականացվում է անվճար, համավճարով կամ վճարովի հիմունքներով։
Տրամադրման ժամկետը և կարգը
Պալիատիվ բուժօգնությունն իրականացվում է շաբաթական 7 օր, 24 ժամ սկզբունքով։
Պոլիկլինկաների մասնագետները պացիենտին ուղեգրում են պալիատիվ բժշկական օգնության սենյակ: Այդ պահից դադարեցվում են տվյալ հիվանդությամբ ստացվող այլ բուժսպասարկումները, պացիենտի բժշկական փաստաթղթերում կատարվում է գրառում պալիատիվ բժշկական օգնության անցնելու վերաբերյալ, և պացիենտը անցնում է պալիատիվ բուժօգնության մասնագետի հսկողության տակ։
Հղում օրենսդրությանը
- ՀՀ առողջապահության նախարարի՝ 2017 թվականի հոկտեմբերի 10-ի N 45-N հրաման
Հրամանը հնարավոր է գտնել arlis.am-ում։
Աշխատանքային ժամեր՝
09:00-18:00
Հեռախոսահամար`
(+374) 060 80-80-03
Թեժ գիծ՝
8003
Աշխատանքային ժամեր՝
09:00-18:00
Հեռախոսահամար`
(+374) 060 80-80-03
Թեժ գիծ՝
8003