Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Ստանալ աջակցություն սպանդանոցային ծառայությունների մատուցման համար
Ծրագրի շրջանակներում տրամադրվում է աջակցություն սպանդանոցային ծառայություն մատուցող ավելացված արժեքի հարկ (ԱԱՀ) վճարող կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին։
Ծրագրի նպատակն է խրախուսել սպանդանոցային սպանդը, ստեղծել հավասար մրցակցային պայմաններ ոլորտի կազմակերպությունների համար և ազգաբնակչության համար ապահովել որակյալ ու անվտանգ մսամթերքի մատակարարում։
Ծրագիրը գործում է մինչև 2027 թվականի դեկտեմբերի 30-ը։
Էլեկտրոնային փոստի միջոցով ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է պահանջվող փաստաթղթերն ուղարկել [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին։
Աջակցություն ստանալու դիմումն անհրաժեշտ է ներկայացնել մինչև տվյալ ամսվա գործունեությանը հաջորդող ամսվա վերջին աշխատանքային օրը ներառյալ։
Ներկայացվող պահանջները
Աջակցության ծրագրից օգտվելու համար անհրաժեշտ է՝
- լինել ԱԱՀ վճարող սպանդանոցային ծառայություն մատուցող կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր,
- ֆերմերային տնտեսությունից և ֆիզիկական անձից կատարել խոշոր եղջերավոր կենդանիների գնումներ, սպանդանոցային սպանդ և մսեղիքի իրացման գործառույթ,
- ծրագրի դիմումի ներկայացման նախորդող աշխատանքային օրվա դրությամբ չունենալ չվճարված հարկեր,
- դիմումի ներկայացման պահին նախորդող 12 ամիսների, իսկ 12 ամսից պակաս ժամկետով ԱԱՀ վճարող համարվելու դեպքում՝ այդ ամիսների համար ներկայացրած լինել ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվետվություն։
Պահանջվող փաստաթղթերը
Անհրաժեշտ է [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկել հետևյալ փաստաթղթերը․
- դիմում,
- խոշոր եղջերավոր կենդանիների գնման վերաբերյալ տեղեկանք։ Ընդ որում՝ առաջին անգամ դիմելիս տեղեկանքը ներկայացվում է նախորդ 3 ամիսների համար, իսկ ամեն հաջորդ անգամ դիմելիս՝ դիմումի ներկայացմանը նախորդող 1 ամսվա համար,
- դիմումի ներկայացման ամսին նախորդող ամսվա ընթացքում խոշոր եղջերավոր կենդանիների սպանդից ստացված մսեղիքի իրացման հարկային հաշիվների վերաբերյալ տեղեկանք,
- խոշոր եղջերավոր կենդանիների տեղափոխման և սպանդի արդյունքում «Սպանդանոցների կառավարում» միասնական էլեկտրոնային հարթակից գեներացված անասնաբուժական վկայականների պատճենները,
- տնտեսավարողի հիմնադիր կամ ավելի քան 10% բաժնետոմս ունեցող բաժնետեր հանդիսացող անձանց և նրանց ընտանիքի անդամների անուններն ու ազգանունները։
Աջակցության չափը
Ծրագրի շրջանակներում տրամադրվում է խոշոր եղջերավոր կենդանիների սպանդից ստացված մսեղիքի իրացման նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի և խոշոր եղջերավոր կենդանիների ձեռքբերման ԱԱՀ-ի հաշվանցվող գումարների տարբերության 75%-ի չափով աջակցություն։
Ուշադրություն
2025 թվականի հունիսի 1-ից դեկտեմբերի 30-ը տնտեսավարողին տրամադրվում է շահառուին մատուցած սպանդի ծառայության վճարի մասնակի փոխհատուցում՝ առավելագույնը 10,000 դրամի չափով, իսկ սանիտարական օրերին բրուցելոզով հիվանդ կենդանու սպանդի համար՝ առավելագույնը 15,000 դրամի չափով։
Տրամադրման ժամկետը և կարգը
Դիմումը ստանալու օրվան հաջորդող 20 աշխատանքային օրվա ընթացքում կատարվում է ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրություն։
Դրական պատասխանի դեպքում տնտեսվարողի և Էկոնոմիկայի նախարարության միջև կնքվում է աջակցության տրամադրման պայմանագիր, և աջակցության գումարը 5 աշխատանքային օրվա ընթացքում փոխանցվում է տնտեսավարողին։
Հղում օրենսդրությանը
ՀՀ կառավարության՝ 2024 թվականի օգոստոսի 1-ի N 1176-Լ որոշում
Որոշումը հնարավոր է գտնել arlis.am-ում (անհրաժեշտ է կարդալ ակտի վերջին տարբերակը)։
09:00-18:00
(+374) 11 59-71-45
Ծառայությունից տարբեր եղանակներով օգտվելիս կարող են տարբեր քանակությամբ ռեսուրսներ և ժամանակ պահանջվել։
09:00-18:00
(+374) 11 59-71-45