ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ քո կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Կենսաթոշակ
փետրվարի 23, 2026

Ապրիլի 1-ից թոշակները կվճարվեն անկանխիկ. ի՞նչ պետք է անել մինչև մարտի 5-ը

2026 թվականի ապրիլի 1-ից Հայաստանում կդադարեցվի կենսաթոշակների կանխիկ վճարումը։ Թոշակառուները կստանան իրենց կենսաթոշակները միայն անկանխիկ եղանակով, այսինքն՝ փոստի միջոցով թոշակ ստանալն այլևս հնարավոր չի լինի։ 

Այս փոփոխությունը վերաբերում է բոլորին՝ անկախ թոշակի տեսակից: Անկանխիկ համակարգին են անցնում տարիքային, հաշմանդամության և կերակրողին կորցնելու թոշակ ստացողները։ Բացառություն չի արվելու նաև 14-ից 18 տարեկան անչափահասների և տուն-ինտերնատներում ապրող քաղաքացիների համար։

Կանխիկ թոշակ ստացող քաղաքացիները ժամանակ ունեն մինչև 2026 թվականի մարտի 5-ը՝ ինքնուրույն որոշելու, թե որ բանկի միջոցով են ցանկանում ստանալ իրենց գումարը՝ առցանց ընտրելով կենսաթոշակը կամ նպաստը վճարող բանկը։

Եթե մինչև մարտի 5-ը թոշակառուն որևէ բանկ չընտրի, ապա համակարգն ինքնաշխատ կերպով նրա փոխարեն կկատարի ընտրությունը: Ընդ որում՝ համակարգը նախապատվությունը կտա այն բանկերին, որոնք պատրաստ են նոր քարտն անվճար առաքումով տրամադրել թոշակառուի տուն և տեղում ակտիվացնել այն՝ ազատելով տարեց կամ տեղաշարժման խնդիրներ ունեցող մարդկանց բանկ հասնելու լրացուցիչ հոգսից։

Կենսաթոշակի դիմելու և ստանալու վերաբերյալ անհրաժեշտ տեղեկությունները ներկայացված են «Ստանալ կենսաթաշակ» կյանքի իրադարձության ուղեցուցում։

Այս էջը օգտակա՞ր էր