ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Կյանքի իրադարձություն

Ստանալ կենսաթոշակ

Ուղեցույցում կգտնեք կենսաթոշակի դիմելու և ստանալու վերաբերյալ բոլոր անհրաժեշտ տեղեկությունները։
  • Հայաստանում քաղաքացիները թոշակի անցնում են 63 տարեկանից և ստանում աշխատանքային կենսաթոշակ, եթե ունեն առնվազն 10 տարվա աշխատանքային ստաժ։
  • 10 տարվանից պակաս աշխատանքային ստաժ ունեցողները ստանում են ծերության նպաստ։
  • 1974 թվականից հետո ծնվածների համար գործում է կուտակային կենսաթոշակային համակարգը, որի դեպքում կենսաթոշակի ֆոնդը ձևավորվում է նաև անձի աշխատավարձից՝ պարտադիր վճարների տեսքով։
  • Յուրաքանչյուր 12 ամիսը մեկ անգամ թոշակառուն կարող է դիմել կենսաթոշակի վերահաշվարկի, եթե ավելացել է աշխատանքային ստաժը։
  • Կենսաթոշակառուն կարող է օգտվել 12% հետվճարի (քեշբեք) պետական աջակցության ծրագրից՝ ստանալով ամսական 6,000 դրամ անկանխիկ վճարումներ կատարելու դեպքում։
  • Բացի աշխատանքային կենսաթոշակից՝ ՀՀ-ում գործում են կենսաթոշակի այլ տեսակներ՝ երկարամյա ծառայության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու և և այլ դեպքերում։
Աշխատանքային կենսաթոշակի դիմելու քայլերի հաջորդականություն

Ինչպե՞ս դիմել աշխատանքային կենսաթոշակի

  1. Քայլ 1

    Փաստաթղթերի հավաքում

    Նախօրոք պետք է պատրաստեք այն փաստաթղթերը, որոնք պահանջվելու են կենսաթոշակի դիմելու համար։

  2. Քայլ 2

    Կենսաթոշակի դիմում

    Անհրաժեշտ փաստաթղթերով այցելեք միասնական սոցիալական ծառայության ցանկացած բաժին (սոցապ) և դիմեք կենսաթոշակի։

  3. Քայլ 3

    Բանկի ընտրություն

    Ընտրեք բանկը, որի միջոցով ցանկանում եք ստանալ ձեր աշխատանքային կենսաթոշակը։

  4. Քայլ 4

    Կենսաթոշակի ստացում

    Ստացեք կենսաթոշակը 2 եղանակով՝ կանխիկ կամ անկանխիկ։

Աշխատանքային կենսաթոշակի դիմումի, տրամադրման, հաշվարկի պայմաններ

թոշակի դիմում
Ֆիզիկապես դիմել աշխատանքային կենսաթոշակ ստանալու համար
Սկսել
Ֆիզիկապես դիմել ծերության նպաստ ստանալու համար
Սկսել

Կենսաթոշակի նվազագույն չափ

  • ՀՀ-ում նվազագույն կենսաթոշակի չափը 36,000 դրամ է։

  • Աշխատանքային ստաժի 1 տարվա արժեքը առաջին 10 տարվա համար 950 դրամ է։

  • 10 տարին գերազանցող յուրաքանչյուր տարվա համար՝ 500 դրամ։

 

Առցանց հաշվել աշխատանքային կենսաթոշակի չափը
Սկսել

Աշխատանքային կենսաթոշակը օտարերկրյա քաղաքացիների համար

Բացի ՀՀ քաղաքացիներից՝ աշխատանքային կենսաթոշակի իրավունք ունեն ՀՀ երկքաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները կամ քաղաքացիություն չունեցող անձինք։

Օտարերկրյա քաղաքացիները կարող են ստանալ կենսաթոշակ կացության քարտ ունենալու դեպքում։

Երկքաղաքացիները կենսաթոշակը ստանում են ՀՀ բնակության վայրի հասցեում հաշվառված լինելու ժամանակահատվածի համար։ Ընդ որում՝ Անկախ Պետությունների Համագործակցություն (ԱՊՀ) երկրների երկքաղաքացիները աշխատանքային կեսնաթոշակ կարող են ստանալ միայն մեկ երկրից։ 

Աշխատանքային կենսաթոշակը քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող ՀՀ քաղաքացիների համար

Քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող ՀՀ քաղաքացիները նույնպես ունեն կենսաթոշակ ստանալու իրավունք։ 

Քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող անձի կենսաթոշակի դիմումի ներկայացումը իրականացվում է քրեակատարողական հիմնարկի ղեկավարի միջոցով: Դրա համար անհրաժեշտ է գրավոր դիմում ներկայացնել ղեկավարին, ով դիմումի հիման վրա նախապատրաստում է անհրաժեշտ փաստաթղթերը, ներկայացնում է համապատասխան բաժին, որից հետո պատիժ կրող անձին նշանակվում է կենսաթոշակ։

Բաժինը կազմվել է՝ համաձայն «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի

Աշխատանքային կենսաթոշակի մերժում, դադարեցում, պահումներ

Որոշ դեպքերում կենսաթոշակառուի դիմումը կարող է մերժվել տարածքային սոցիալական ծառայության կողմից, իսկ որոշ դեպքերում հնարավոր են կենսաթոշակի վճարման դադարեցում և պահումներ։

Բաժինը կազմվել է՝ համաձայն «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի

Աշխատանքային կենսաթոշակի վերահաշվարկ

Աշխատանքային կենսաթոշակի վերահաշվարկ

Աշխատանքային կենսաթոշակը ենթակա է վերահաշվարկման, եթե՝

  • օրենքով փոփոխվել է հիմնական կենսաթոշակի չափը կամ աշխատանքային ստաժի 1 տարվա արժեքը։ Այս դեպքում վերահաշվարկի դիմում ներկայացնելու անհրաժեշտություն չկա․ համակարգը ինքնաշխատ եղանակով կատարում է վերահաշվարկը տվյալ ամսվա 1-ից,
  • կենսաթոշակ նշանակելուց 12 ամիս հետո կենսաթոշակառուն ներկայացնում է նախորդ տարվա աշխատած ժամանակահատվածը աշխատանքային ստաժում ներառելու դիմում։ Կենսաթոշակի չափը վերահաշվարկվում է դիմումը ներկայացնելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից,
  • կենսաթոշակի գործում հայտնաբերվել է կեղծ փաստաթուղթ, որի արդյունքում նվազում է կենսաթոշակի չափը,
  • կենսաթոշակի գործում հայտնաբերվել է փաստաթուղթ, որը հաշվի առնելու դեպքում ավելանում է կենսաթոշակի չափը։

Ուշադրություն
Նկատի ունեցեք, որ յուրաքանչյուր 12 ամիսը մեկ անգամ կարող եք դիմել կենսաթոշակի վերահաշվարկի, եթե ավելացել է ձեր աշխատանքային ստաժում աշխատած ժամանակահատվածը։

Բաժինը կազմվել է՝ համաձայն «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի
Առցանց դիմել կենսաթոշակի վերահաշվարկման
Սկսել

Կենսաթոշակի 12% հետվճար (քեշբեք)

Կենսաթոշակի 12% հետվճարը պետական աջակցության ծրագիր է, ըստ որի՝ եթե կենսաթոշակառուն բացառապես ՀՀ տարածքում գործող առևտրի կետերում ու ծառայություններ մատուցող կազմակերպություններում կատարում է անկանխիկ վճարումներ, ապա ամսական կտրվածքով ստանում է առավելագույնը 6,000 դրամ հետվճար՝ կատարած գործարքների հանրագումարի 12%-ի չափով:

Ուշադրություն

12% հետվճարը չի գործում, եթե կենսաթոշակառուն՝

  • անկախիկ եղանակով վարկ է վճարում կամ առցանց գնումներ է կատարում,
  • վճարում է կումունալ ծառայությունների համար (գազի, էլեկտրաէներգիայի, խմելու ջրի, ֆիքսված և բջջային հեռախոսի մատակարարման)։
Աջակցության ծրագիր
Առցանց դիմել կենսաթոշակը փոխանցող բանկի փոփոխության համար
Սկսել

Կուտակային կենսաթոշակ

1974 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնվածները կենսաթոշակի են անցնելու 63 տարեկանում և ստանալու են կուտակային կենսաթոշակ կենսաթոշակային ֆոնդերից, որոնք ձևավորվում են իրենց պարտադիր վճարների և պետության համաֆինանսավորման հաշվին:

Առցանց հաշվել կուտակային կենսաթոշակի չափը
Սկսել

Կուտակային կենսաթոշակի ֆոնդի և կառավարչի ընտրություն

Առաջին անգամ աշխատանքի անցնելիս իրավունք ունեք ընտրելու 2 ֆոնդային կառավարիչներից մեկին և գործող 3 ֆոնդերից որևէ մեկը։ Սակայն եթե չեք ընտրում 30 աշխատանքային օրվա ընթացքում, ապա համակարգը ավտոմատ կերպով և պատահականության սկզբունքով ձեր փոխարեն ընտրում է կառավարիչներից մեկի պահպանողական ֆոնդի տեսակը։

Կուտակային կենսաթոշակի ֆոնդի և կառավարչի փոփոխություն

Կարող եք փոխել թե՛ ֆոնդը, թե՛ կառավարչին։

Կուտակված գումարների տեղափոխումը նույն կառավարչի մի ֆոնդից մյուս ֆոնդ անվճար է։ 2 կառավարիչների միջև կուտակած գումարների տեղափոխումը տարեկան 1 անգամ նույնպես անվճար է։ Եթե կուտակած գումարները ավելի հաճախ են տեղափոխվում, ապա գանձվում է միջնորդավճար փոխանցվող գումարների 1%-ի չափով:

Առցանց ընտրել կամ փոխել ֆոնդը և կառավարչին
Սկսել

Ո՞ր դեպքերում է հնարավոր կուտակային կենսաթոշակը ժամանակից շուտ ստանալ

Մինչև կենսաթոշակային տարիքը լրանալը քաղաքացին իրավունք ունի միանվագ ստանալու իր կուտակային կենսաթոշակը, եթե քաղաքացին՝

  • ունի 3-րդ կարգի հաշմանդամություն,

  • ունի ցանկում նշված հիվանդություններից մեկը,

  • մշտական բնակության նպատակով մեկնում է արտասահման և հրաժարվում է ՀՀ քաղաքացիությունից,

  • մշտական բնակության նպատակով վերադառնում է իր հայրենիք (ՀՀ-ում աշխատող օտարերկրացիների դեպքում)։

Բաժինը կազմվել է՝ համաձայն «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի

Այլ կենսաթոշակներ

Բացի աշխատանքային կենսաթոշակից՝ ՀՀ-ում գործում են կենսաթոշակի այլ տեսակներ՝

  • արտոնյալ պայմաններով,
  • երկարամյա ծառայության, 
  • հաշմանդամության, 
  • կերակրողին կորցնելու,
  • մասնակի։

Արտոնյալ պայմաններով կենսաթոշակ

Արտոնյալ պայմաններով կենսաթոշակը նշանակվում է 63 տարեկանը չլրացած այն անձանց, որոնք ունեցել են առավել ծանր, վտանգավոր և արտոնյալ հնարավորություններով աշխատանք։

Երկարամյա ծառայության կենսաթոշակ

Երկարամյա ծառայության կենսաթոշակը նշանակվում է հատուկ մասնագիտություն ունեցող այն անձանց, որոնք երկար ժամանակ ծառայել են քաղաքացիական ավիացիայում։

Հաշմանդամության կենսաթոշակ

Հաշմանդամության կենսաթոշակ նշանակվում է բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից հաշմանդամ ճանաչված անձին։

Կերակրողին կորցնելու կենսաթոշակ

Կերակրողին կորցնելու կենսաթոշակը նշանակվում է ընտանիքի այն անդամներին, ովքեր գտնվել են մահացած ճանաչված անձի խնամքի տակ։

Մասնակի կենսաթոշակ

Որոշ ոլորտի ներկայացուցիչներ կարող են ստանալ մասնակի կենսաթոշակ։

Ուղեցույցը կազմվել է Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից
Այս էջը օգտակա՞ր էր