ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Քաղաքացիություն, նույնականացում և կացության կարգավիճակ

Ստանալ «ԵսԵմ» բջջային ID SIM քարտ

«ԵսԵմ» բջջային ID SIM քարտի միջոցով անձը կարող է անվտանգ կերպով նույնականացվել թվային ծառայություններից օգտվելիս, կատարել վստահելի գործարքներ և ստորագրել թվային փաստաթղթեր։ Այն ստանալու համար անհրաժեշտ է այցելել նախընտրելի բջջային օպերատորի գրասենյակ: 

Ծառայությունից հնարավոր է օգտվել ֆիզիկապես՝ անձամբ այցելելով գրասենյակ։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ քաղաքացիներ, Արցախից բռնի տեղահանված և ՀՀ-ում ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ ստացած անձինք
Դիմելու տևողությունը
15 րոպե
Ծառայության արժեքը
500 դրամ՝ քարտը վերաթողարկելու համար
Տրամադրման տևողությունը
Անմիջապես

Թվային նույնականացման լուծումը հասանելի է և՛ ֆիզիկական քարտերի, և՛ eSIM տեսակի քարտերով աշխատող հեռախոսների համար։ 


Պահանջվող փաստաթղթերը

  • նույնականացման քարտ կամ ժամանակավոր պաշտպանության կարգավիճակի վկայական և անձնագիր (ընդ որում՝ նույնականացման քարտի չիպի կամ PIN և PUK ծածկագրերի առկայությունը պարտադիր չէ),

  • դիմողի անունով գրանցված և գործող հեռախոսահամար (հեռախոսահամար չունենալու դեպքում անհրաժեշտ է ձեռք բերել այն)։


Անհրաժեշտ է հաշվի առնել, որ ֆիզիկական քարտը փոխելիս նախկին քարտի  հեռախոսահամարները կարող են ջնջվել, ինչի պատճառով հարկավոր է բոլոր հեռախոսահամարները նախապես պահպանել հեռախոսի մեջ կամ ամպային տիրույթում (cloud)

Վճարման չափը և կարգը

«ԵսԵմ» բջջային ID SIM քարտ ստանալու համար անհրաժեշտ է վճարել քարտի վերաթողարկման համար նախատեսված վճարը՝ 500 դրամ։

Նոր SIM քարտ գնելու դեպքում անհրաժեշտ է վճարել նաև սակագնային փաթեթի արժեքը՝ ըստ տվյալ օպերատորի սակագների։


Տրամադրման կարգը

Գրասենյակում բջջային օպերատորի հրահանգներից հետո անհրաժեշտ է ինքնուրույն ստեղծել ծածկագիր (PIN կոդ), որը կիրառվելու է յուրաքանչյուր անգամ առցանց նույնակացվելիս կամ փաստաթուղթ ստորագրելիս։

Ծածկագիրը ապահովում է անհատի անձնական տվյալների անվտանգությունը, ուստի այն չի կարելի փոխանցել այլ անձանց։ Ծածկագիրն այլ անձանց հասանելի դառնալու դեպքում անհրաժեշտ է անձնագրով մոտենալ օպերատորի գրասենյակ և փոխել այն։

Բջջային ID SIM քարտ ձեռք բերելուց հետո ավտոմատ կերպով հասանելի կլինի նաև էլեկտրոնային ստորագրության ծառայությունը։ 

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ բջջային հեռախոսակապի օպերատորներ
Այս էջը օգտակա՞ր էր