ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Ուղեցույց

Եկամուտների հայտարարագրում. ի՞նչ է պետք անել

Մինչև 2025 թվականի նոյեմբերի 1-ը ՀՀ քաղաքացի հանդիսացող և մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը չափահաս դարձած անձինք առցանց եղանակով ներկայացնելու են եկամուտների հայտարարագիր` նախորդ տարվա ընթացքում ստացված եկամուտների վերաբերյալ։ 

Հայտարարագրում ներկայացվող եկամուտները բաժանվում են 2 խմբի՝ հարկվող և չհարկվող։ Արդեն հարկված եկամուտների համար նոր պարտավորություններ չեն առաջանալու։

Ինչպե՞ս ներկայացնել հայտարարագիր

հայտարարագիր-ստեպպեր
  1. Քայլ 1

    Ձեռք բերեք թվային նույնականացում

    Եկամուտների հայտարարագիր ներկայացնելու համար անհրաժեշտ է ունենալ թվային նույնականացում և էլեկտրոնային ստորագրություն: Նույնականացումն իրականացվում է «ԵսԵմ» հարթակի միջոցով։ 

  2. Քայլ 2

    Ընտրեք եկամուտների հայտարարագրման տարբերակը

    Եկամուտների հայտարարագիր հնարավոր է ներկայացնել կայքէջի կամ բջջային հավելվածի միջոցով։ 

  3. Քայլ 3

    Լրացրեք և ստորագրեք հայտարարագիրը

    Հայտարարագրի էջում ստուգեք առկա տվյալները և լրացրեք այն եկամուտների վերաբերյալ տվյալները, որոնք ինքնաշխատ եղանակով չեն ցուցադրվել։ Օրինակ՝ ավանդից ստացված տոկոսային եկամուտների մասին տվյալներն անհրաժեշտ է ճշտել սպասարկող բանկից և ավելացնել հայտարարագրում։ Լրացված հայտարարագիրն անհրաժեշտ է հաստատել էլեկտրոնային ստորագրությամբ և ուղարկել։ 

Որտե՞ղ լրացնել հայտարարագիրը

Եկամուտների հայտարարագիրը հնարավոր է լրացնել ինչպես վեբկայքի, այնպես էլ բջջային հավելվածի միջոցով։ Հայտարարագիրը ներկայացնելու համար անհրաժեշտ է ունենալ «ԵսԵմ» նույնականացում։

Ներկայացնել եկամուտների հայտարարագիր կայքի միջոցով
Սկսել
Ներկայացնել եկամուտների հայտարարագիր բջջային հավելվածով
Սկսել

Ո՞վ և ե՞րբ պետք է ներկայացնի եկամուտների հայտարարագիր

Ֆիզիկական անձինք յուրաքանչյուր տարվա ընթացքում ստացած եկամուտների համար տարեկան 1 անգամ պետք է ներկայացնեն հայտարարագիր։ 2024 թվականի համար հայտարարագիր անհրաժեշտ է ներկայացնել մինչև 2025 թվականի նոյեմբերի 1-ը:

Ուշադրություն
Եթե վերը նշված հիմքերով հայտարարատու չեք համարվում, սակայն ունեք վարկ (օրինակ՝ հիպոթեք), ապա 2024 թվականի համար հայտարարագիր ներկայացնելու անհրաժեշտություն չկա։ Սակայն նշված հիմքերից որևէ մեկով հայտարարատու համարվելու դեպքում, հայտարարագրում պարտավոր եք լրացնել «վարկեր և փոխառություններ» բաժինը։

Հաճախ տրվող հարցեր

Հայտարարագիր ներկայացնողների վերաբերյալ

Եկամուտների կամ ծախսերի հայտարարագրման վերաբերյալ

Ո՞ր եկամուտներն են ենթակա հայտարարագրման

Եկամուտների հայտարարագրում անհրաժեշտ է ներառել նախորդ հարկային տարվա ընթացքում ստացված բոլոր՝ և՛ հարկվող, և՛ չհարկվող եկամուտները։

Եկամուտներ, որոնք ենթակա են հայտարարագրման․

  • Աշխատավարձ,
  • Աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման դիմաց ստացված (այդ թվում՝ արտասահմանից) եկամուտներ,
  • Անշարժ գույքի վարձակալությունից ստացված եկամուտներ,
  • Անշարժ գույքի վաճառքից ստացված եկամուտներ,
  • Բանկային ավանդներից, պարտատոմսերից և բաժնետոմսերից ստացված եկամուտներ,
  • Շահումները (խաղատների, տոտալիզատորների, վիճակախաղերի շահումները),
  • Վարկեր,
  • Բոլոր տեսակի նպաստները, ինչպես նաև ալիմենտները,
  • Կենսաթոշակներ, հաշմանդամության կամ զինվորական թոշակներ, կրթաթոշակներ և այլն։

Եկամուտներ, որոնք ենթակա ՉԵՆ հայտարարագրման․ 

  • Սեփական հաշիվների միջև փոխանցված գումարներ,
  • Համավարկառուի կողմից վարկի վերաբերյալ տվյալներ,
  • Վճարային տերմինալից կամ բանկում Ձեր կողմից Ձեր հաշվին մուտքագրված գումարներ,
  • Վերադարձված պարտքի գումար,
  • Տարբեր տարիներին կուտակված խնայողություններ,
  • Անշարժ ու շարժական գույք,
  • ԱՁ-ի եկամուտներ։
Առցանց ներկայացնել հաշվարկ-հայտարարագիր վարձակալությունից ստացված եկամուտներից
Սկսել

300,000 դրամը չգերազանցող գործարքներ

Եթե 2024-ի ընթացքում ստացել եք միանվագ 300,000 դրամը չգերազանցող չհարկվող եկամուտ, ապա այն կարող եք չհայտարարագրել։ Նշված սահմանաչափը վերաբերում է 1 գործարքի արժեքին, այլ ոչ թե տարեկան կամ ամսական հանրագումարին։

300,000 դրամը գերազանցող եկամուտները պետք է հայտարարագրվեն ամբողջ չափով։

Եկամուտների հայտարարագրի ներկայացման կարգ

Եկամուտների հայտարարագիրը քաղաքացիները ներկայացնում են Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգի միջոցով։ 

Առցանց ներկայացնել եկամուտների հայտարարագիր կայքի միջոցով
Սկսել
Առցանց ներկայացնել եկամուտների հայտարարագիր բջջային հավելվածով
Սկսել

Սոցիալական ծախսերի փոխհատուցում

Նախորդ տարվա ընթացքում կրթական կամ առողջապահական ծախսեր կատարած անձինք կարող են հետ ստանալ այդ ծախսերի մի մասը։

Ուշադրություն
Ծախսը հիմնավորող հաշվարկային փաստաթուղթը պետք է Ձեր անունով դուրս գրված լինի ՄԻՆՉԵՎ հայտարարագիրը ներկայացնելը։ 

Եթե արդեն ներկայացրել եք հայտարարագիրը, իսկ ծախսը հիմնավորող փաստաթուղթը դուրս է գրվել դրանից հետո, ապա անհրաժեշտ է ևս մեկ անգամ հայտարարագիր ներկայացնել։

Եթե կրթական կամ առողջապահական ծախսերի փոխհատուցման դիմումի ժամանակ համակարգի կողմից նշվում է, որ խնդիր է առաջացել ներկայացված բանկային հաշվեհամարի հետ, ապա կարող եք կապ հաստատել ձեր քարտը սպասարկող բանկի հետ։ Եթե, այնուամենայնիվ, բանկի հետ կապված որևէ խնդիր չկա, ապա էլեկտրոնային նամակ ուղարկեք պետական եկամուտների կոմիտեի տեխնիկական բաժնի [email protected] հասցեին։

Առցանց ներկայացնել դիմում սոցիալական ծախսի փոխհատուցում ստանալու համար
Սկսել

Եկամուտների հայտարարագրումից խուսափում

Եկամուտների հայտարարագրումից խուսափելու դեպքում անձի նկատմամբ կիրառվում է նախազգուշացում կամ տուգանք հետևյալ կերպով. 

  • Մինչև սահմանված ժամկետը հայտարարագիրը չներկայացնելու դեպքում անձին տրվում է նախազգուշացում։
  • Նախազգուշացումից հետո 30 օրվա ընթացքում հայտարարագիր չներկայացնելու դեպքում նշանակվում է տուգանք` 5,000-50,000 ՀՀ դրամի չափով՝ կախված սուբյեկտից։
  • Տուգանքի նշանակումից հետո 30-օրյա ժամկետում հայտարարագիրը չներկայացնելու դեպքում տուգանքը կարող է կրկնապատկվել։ 
Ուղեցույցը կազմվել է Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության կողմից
Այս էջը օգտակա՞ր էր