Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Եկամուտների հայտարարագրում. ի՞նչ է պետք անել
Մինչև 2025 թվականի նոյեմբերի 1-ը ՀՀ քաղաքացի հանդիսացող և մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը չափահաս դարձած անձինք առցանց եղանակով ներկայացնելու են եկամուտների հայտարարագիր` նախորդ տարվա ընթացքում ստացված եկամուտների վերաբերյալ։
Հայտարարագրում ներկայացվող եկամուտները բաժանվում են 2 խմբի՝ հարկվող և չհարկվող։ Արդեն հարկված եկամուտների համար նոր պարտավորություններ չեն առաջանալու։
Ինչպե՞ս ներկայացնել հայտարարագիր
Քայլ 1
Ձեռք բերեք թվային նույնականացում
Եկամուտների հայտարարագիր ներկայացնելու համար անհրաժեշտ է ունենալ թվային նույնականացում և էլեկտրոնային ստորագրություն: Նույնականացումն իրականացվում է «ԵսԵմ» հարթակի միջոցով։
Քայլ 2
Ընտրեք եկամուտների հայտարարագրման տարբերակը
Եկամուտների հայտարարագիր հնարավոր է ներկայացնել կայքէջի կամ բջջային հավելվածի միջոցով։
Քայլ 3
Լրացրեք և ստորագրեք հայտարարագիրը
Հայտարարագրի էջում ստուգեք առկա տվյալները և լրացրեք այն եկամուտների վերաբերյալ տվյալները, որոնք ինքնաշխատ եղանակով չեն ցուցադրվել։ Օրինակ՝ ավանդից ստացված տոկոսային եկամուտների մասին տվյալներն անհրաժեշտ է ճշտել սպասարկող բանկից և ավելացնել հայտարարագրում։ Լրացված հայտարարագիրն անհրաժեշտ է հաստատել էլեկտրոնային ստորագրությամբ և ուղարկել։
Որտե՞ղ լրացնել հայտարարագիրը
Եկամուտների հայտարարագիրը հնարավոր է լրացնել ինչպես վեբկայքի, այնպես էլ բջջային հավելվածի միջոցով։ Հայտարարագիրը ներկայացնելու համար անհրաժեշտ է ունենալ «ԵսԵմ» նույնականացում։
Ներկայացնել եկամուտների հայտարարագիր բջջային հավելվածով
Ո՞վ և ե՞րբ պետք է ներկայացնի եկամուտների հայտարարագիր
Ֆիզիկական անձինք յուրաքանչյուր տարվա ընթացքում ստացած եկամուտների համար տարեկան 1 անգամ պետք է ներկայացնեն հայտարարագիր։ 2024 թվականի համար հայտարարագիր անհրաժեշտ է ներկայացնել մինչև 2025 թվականի նոյեմբերի 1-ը:
- 2024 թվականի ընթացքում վարձու աշխատող համարված ՀՀ քաղաքացիները,
- 2024 թվականի ընթացքում քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում հարկվող եկամուտ ստացած ՀՀ քաղաքացիները,
- 2024 թվականի դրությամբ պետական և համայնքային ծառայողները, հանրային պաշտոններ զբաղեցնողները,
- 2023 թվականի արդյունքներով 1 միլիարդ դրամ և ավելի համախառն եկամուտ հայտարարագրած ՀՀ ռեզիդենտ առևտրային կազմակերպությունների՝ 2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ բաժնետեր, փայատեր կամ անդամ հանդիսացող ՀՀ քաղաքացիները,
- «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով իրական շահառու համարվող ՀՀ քաղաքացիները։
- 2024 թվականի ընթացքում 20 միլիոն դրամ և ավելի փոխառություն ստացած ՀՀ քաղաքացիները (վարկը չի դիտարկվում որպես փոխառություն և 2024 թվականի ընթացքում 20 միլիոն դրամ և ավելի չափով վարկ ստացած (այդ թվում՝ հիփոթեքային) քաղաքացիները չեն ներառվում այս խմբում):
կամ
- 2024 թվականի արդյունքներով հայտարարատու չհամարվող, սակայն հայտարարագրման ենթակա եկամուտ ստացած անձինք, օրինակ՝ անշարժ գույքի վարձակալությունից եկամուտներ ստացած անձինք։
ՀՀ ռեզիդենտ ՀՀ քաղաքացի է համարվում այն անձը, ով ունի ՀՀ քաղաքացիություն, հարկային տարվա ընթացքում 183 օր և ավելի փաստացի գտնվել է Հայաստանում և (կամ) իր կենսական շահերի կենտրոնը եղել է Հայաստանում, այսինքն՝ ընտանիքը, տունը կամ բնակարանը, անձնական կամ ընտանիքի հիմնական գույքը, մասնագիտական կամ այլ գործունեության վայրը գտնվել է Հայաստանում։
ՀՀ ռեզիդենտ ՀՀ քաղաքացի են համարվում նաև ՀՀ-ում պետական ծառայության մեջ գտնվող՝ ժամանակավորապես ՀՀ տարածքից դուրս աշխատող քաղաքացիները:
Այո՛։ 2024 թվականի ընթացքում աշխատանքային կամ քաղաքացիաիրավական պայմանագրով (օրինակ՝ ծառայությունների մատուցման պայմանագիր) աշխատած անձինք ներկայացնելու են եկամուտների հայտարարագիր։
2024-ին վարձու աշխատող չհանդիսացած քաղաքացին եկամուտների հայտարարագիր ներկայացնում է միայն այն դեպքում, երբ ստացել է հայտարարագրման ենթակա եկամուտներ։
Ուշադրություն
Հարկվող եկամուտներ ստացած անձինք մինչև նոյեմբերի 1-ը պետական բյուջե պետք է եկամտային հարկ վճարեն։
ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձը եկամուտների հայտարարագիր ներկայացնում է միայն այն դեպքում, երբ ստացել է հայտարարագրման ենթակա եկամուտներ։
Ուշադրություն
Հարկվող եկամուտներ ստացած անձինք մինչև նոյեմբերի 1-ը պետական բյուջե պետք է եկամտային հարկ վճարեն։
Եթե ԼՂ-ից բռնի տեղահանված անձը 2024-ի ընթացքում եղել է վարձու աշխատող, բայց չունի ՀՀ քաղաքացիություն (ունեք 070 կոդով անձնագիր), ապա եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն չունի, քանի որ հայտարարագիրը ներկայացնում են միայն ՀՀ ռեզիդենտ հանդիսացող ՀՀ քաղաքացիները։
Ուշադրություն
Եթե վերը նշված հիմքերով հայտարարատու չեք համարվում, սակայն ունեք վարկ (օրինակ՝ հիպոթեք), ապա 2024 թվականի համար հայտարարագիր ներկայացնելու անհրաժեշտություն չկա։ Սակայն նշված հիմքերից որևէ մեկով հայտարարատու համարվելու դեպքում, հայտարարագրում պարտավոր եք լրացնել «վարկեր և փոխառություններ» բաժինը։
Հաճախ տրվող հարցեր
Հայտարարագիր ներկայացնողների վերաբերյալ
ՀՀ քաղաքացին, ով աշխատում և բնակվում է արտերկրում, եկամուտների հայտարարագիր ներկայացնում է միայն այն դեպքում, եթե համարվում է նաև ՀՀ ռեզիդենտ։
Այո՛, անձը, ով իր աշխատավարձը ստանում է արտերկրից և համարվում է ՀՀ ռեզիդենտ ՀՀ քաղաքացի, պարտավոր է ներկայացնել եկամուտների հայտարարագիր։
Այո՛, ամբողջ տարվա հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն ունեն բոլոր նրանք, ովքեր 2024-ին համարվել են վարձու աշխատող՝ անկախ աշխատանքի տևողությունից։
Այո, եթե անձը 2024-ին եղել է վարձու աշխատող և համարվել է ՀՀ ռեզիդենտ ՀՀ քաղաքացի։
Այո՛, 2024-ի ընթացքում անկախ մասնագիտական աշխատանք իրականացրած և հարկվող եկամուտ ստացած անձը պետք է ներկայացնի հայտարարագիր։
Իսկ անչափահասի դեպքում հայտարարագիրը նրա փոխարեն լրացնում է ծնողը, խնամակալը կամ հոգաբարձուն։
Ո՛չ, 2024-ին անհատ ձեռնարկատեր համարված ֆիզիկական անձը չի ներկայացնում եկամուտների հայտարարագիր։
Սակայն նրա վարձու աշխատողները պարտավոր են մինչև 2025-ի նոյեմբերի 1-ը ներկայացնել հայտարարագիր։
Այո՛, երեխայի խնամքի արձակուրդում գտնվող անձինք ևս ներկայացնում են եկամուտների հայտարարագիր, քանի որ նրանք ևս համարվում են վարձու աշխատողներ։
2025-ին եկամուտների հայտարարագիր ներկայացնում են միայն 2024-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ չափահաս համարվող անձինք։
Անչափահասների փոխարեն եկամուտների հայտարարգիր չեն ներկայացնում նաև ծնողը, խնամակալը կամ հոգաբարձուն։
Բացառություն են կազմում միայն այն դեպքերը, երբ անչափահասը ստացել է հայտարարագրման ենթակա եկամուտ, օրինակ՝ բնակարան է հանձնել վարձակալության կամ կատարել է այլ անկախ մասնագիտական աշխատանք (freelance)։ Այս դեպքում նրա փոխարեն եկամուտների հայտարարագիր է ներկայացնում նրա ծնողը, խնամակալը կամ հոգաբարձուն։
Ո'չ։ Կենսաթոշակառուները եկամուտների հայտարարագիր ներկայացնում են միայն այն դեպքում, եթե 2024 թվականի ինչ-որ ժամանակահատվածում եղել են վարձու աշխատող։
Եկամուտների կամ ծախսերի հայտարարագրման վերաբերյալ
Ո՛չ, եթե 2024-ի ընթացքում անձը չի աշխատել, օրենքով սահմանված մյուս կետերի համաձայն հայտարարատու չի համարվում, բայց բանկային քարտին կամ հաշվեհամարին, ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից ստացել է փոխանցումներ, ապա 2025-ին հայտարարագիր չի ներկայացնելու։
Ո՛չ, սեփական բանկային հաշիվների միջև կատարված փոխանցումները ստացված եկամուտ չեն համարվում և չեն ներառվում հայտարարագրում։
Ոչ, եթե 2024-ի ընթացքում նպաստից, հաշմանդամության կամ զինվորական թոշակից բացի այլ եկամուտ անձը չի ստացել, ապա 2025 թվականին նա հայտարարագիր չի ներկայացնելու։
Հայտարարագիր կներկայացվի միայն այն դեպքում, եթե տվյալ անձը համապատասխանել է հայտարարագրի ներկայացման հիմքերից որևէ մեկին։ Այդ դեպքում երեխայի ծննդյան և խնամքի համար տրամադրվող նպաստները հայտարարագրում է դրանք ստացած ծնողը։
Ո՛չ, հայտարարագրում ներառվում են միայն նախորդ տարվա ընթացքում ստացված եկամուտները։
Ո՛չ, անշարժ կամ շարժական գույքը հայտարարագրման ենթակա չէ։
Ո՞ր եկամուտներն են ենթակա հայտարարագրման
Եկամուտների հայտարարագրում անհրաժեշտ է ներառել նախորդ հարկային տարվա ընթացքում ստացված բոլոր՝ և՛ հարկվող, և՛ չհարկվող եկամուտները։
Եկամուտներ, որոնք ենթակա են հայտարարագրման․
- Աշխատավարձ,
- Աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման դիմաց ստացված (այդ թվում՝ արտասահմանից) եկամուտներ,
- Անշարժ գույքի վարձակալությունից ստացված եկամուտներ,
- Անշարժ գույքի վաճառքից ստացված եկամուտներ,
- Բանկային ավանդներից, պարտատոմսերից և բաժնետոմսերից ստացված եկամուտներ,
- Շահումները (խաղատների, տոտալիզատորների, վիճակախաղերի շահումները),
- Վարկեր,
- Բոլոր տեսակի նպաստները, ինչպես նաև ալիմենտները,
- Կենսաթոշակներ, հաշմանդամության կամ զինվորական թոշակներ, կրթաթոշակներ և այլն։
Եկամուտներ, որոնք ենթակա ՉԵՆ հայտարարագրման․
- Սեփական հաշիվների միջև փոխանցված գումարներ,
- Համավարկառուի կողմից վարկի վերաբերյալ տվյալներ,
- Վճարային տերմինալից կամ բանկում Ձեր կողմից Ձեր հաշվին մուտքագրված գումարներ,
- Վերադարձված պարտքի գումար,
- Տարբեր տարիներին կուտակված խնայողություններ,
- Անշարժ ու շարժական գույք,
- ԱՁ-ի եկամուտներ։
Եթե անձը չի համարվում հայտարարագիր ներկայացնող, սակայն 2024-ի ընթացքում ստացել է եկամուտ վարձակալության հանձնած անշարժ գույքից, ապա պետք է ներկայացնի հայտարարագիր։
- Աշխատավարձ, հավելավճարներ
- Ծառայությունների մատուցումից ստացված եկամուտ
- Վարձակալության հանձնած գույք (տուն, բակարան, կոմերցիոն տարածք, ավտոմեքենա)
- ՀՀ-ում և ՀՀ-ից դուրս խնայողություններից կամ ժամկետային ավանդներից ստացված եկամուտ
- Պարտատոմսերից ստացված տոկոսային եկամուտ
- Կառուցապատողից նվիրատվությամբ ստացված գումար կամ գույք
- Բաժնետոմսերից կամ բաժնեմասերից ստացված շահաբաժին
- Հեղինակային կամ այլ իրավունքների դիմաց ստացված ռոյալթիներ
- Նպաստներ և կենսաթոշակներ
- Բանկից կամ վարկային կազմակերպություններից ապահովագրական հատուցումների հաշվին ստացված գումարներ
- Սոցիալական աջակցություններ, ալիմենտներ
- Դոնորությունից ստացված եկամուտ
- Ժառանգությամբ կամ նվիրատվությամբ ստացված գույք
- Կրթաթոշակ
- Շահումներ և մրցանակներ
- Վարկեր և փոխառություններ
- Արժեթղթերի վաճառքից ստացված եկամուտ
- Գյուղարտադրանքի օտարումից ստացված եկամուտ
Առցանց ներկայացնել հաշվարկ-հայտարարագիր վարձակալությունից ստացված եկամուտներից
300,000 դրամը չգերազանցող գործարքներ
Եթե 2024-ի ընթացքում ստացել եք միանվագ 300,000 դրամը չգերազանցող չհարկվող եկամուտ, ապա այն կարող եք չհայտարարագրել։ Նշված սահմանաչափը վերաբերում է 1 գործարքի արժեքին, այլ ոչ թե տարեկան կամ ամսական հանրագումարին։
300,000 դրամը գերազանցող եկամուտները պետք է հայտարարագրվեն ամբողջ չափով։
300,000 դրամի շեմը սահմանված է միայն չհարկվող եկամուտների որոշ տեսակների համար՝
- այլ քաղաքացիներից ստացված նվիրատվություններ,
- գույքի օտարումից ստացված չհարկվող եկամուտներ,
- անհատույց ստացված եկամուտներ,
- ստացված փոխառության գումարներ։
Օրինակ՝ եթե ստացել եք 70,000 դրամ աշխատավարձ, ապա պետք է ներկայացնեք հայտարարագիր, քանի որ այն համարվում է հարկվող եկամուտ։
Ո՛չ, եթե անձը 2024-ի ընթացքում չի համարվել վարձու աշխատող, նշված հիմքերից որևէ մեկով չի համարվել հայտարարատու և ստացել է 300,000 դրամը գերազանցող նվիրատվություն, նա պարտավոր չէ դա հայտարարագրել։
300 հազար դրամի շեմը չի վերաբերում հարկվող եկամուտներին։ Հետևաբար աշխատավարձն անհրաժեշտ է ներառել հայտարարագրում, քանի որ այն համարվում է հարկվող եկամուտ։
300 հազար դրամը գերազանցող չափով փոխառության գումարը հայտարարագրում ներառում է այն անձը, ով ստացել է այդ փոխառությունը։ Փոխառություն տրամադրող անձը ո՛չ տրված փոխառությունը, ո՛չ էլ փոխառության վերադարձվող գումարը չի ներառում հայտարարագրում։
Եկամուտների հայտարարագրի ներկայացման կարգ
Եկամուտների հայտարարագիրը քաղաքացիները ներկայացնում են Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգի միջոցով։
Եկամուտների հայտարարագիր ներկայացնելու համար անհրաժեշտ է ունենալ «ԵսԵմ» թվային նույնականացում և էլեկտրոնային ստորագրություն:
Առցանց ներկայացնել եկամուտների հայտարարագիր կայքի միջոցով
Առցանց ներկայացնել եկամուտների հայտարարագիր բջջային հավելվածով
Սոցիալական ծախսերի փոխհատուցում
Նախորդ տարվա ընթացքում կրթական կամ առողջապահական ծախսեր կատարած անձինք կարող են հետ ստանալ այդ ծախսերի մի մասը։
Ուշադրություն
Ծախսը հիմնավորող հաշվարկային փաստաթուղթը պետք է Ձեր անունով դուրս գրված լինի ՄԻՆՉԵՎ հայտարարագիրը ներկայացնելը։
Եթե արդեն ներկայացրել եք հայտարարագիրը, իսկ ծախսը հիմնավորող փաստաթուղթը դուրս է գրվել դրանից հետո, ապա անհրաժեշտ է ևս մեկ անգամ հայտարարագիր ներկայացնել։
Եթե կրթական կամ առողջապահական ծախսերի փոխհատուցման դիմումի ժամանակ համակարգի կողմից նշվում է, որ խնդիր է առաջացել ներկայացված բանկային հաշվեհամարի հետ, ապա կարող եք կապ հաստատել ձեր քարտը սպասարկող բանկի հետ։ Եթե, այնուամենայնիվ, բանկի հետ կապված որևէ խնդիր չկա, ապա էլեկտրոնային նամակ ուղարկեք պետական եկամուտների կոմիտեի տեխնիկական բաժնի [email protected] հասցեին։
Եկամտային հարկի գումարից սոցիալական ծախսի փոխհատուցման հնարավորությունից կարող են օգտվել հայտարարագիր ներկայացնող ՀՀ ռեզիդենտ հանդիսացող ՀՀ քաղաքացիները։
Ընդ որում՝ տվյալ անձինք սոցիալական ծախսի փոխհատուցման հնարավորությունից կարող են օգտվել ինչպես իրենց, այնպես էլ ընտանիքի անդամների՝ ամուսնու, ծնողների և զավակների համար կատարած սոցիալական ծախսերի մասով՝ տարեկան առավելագույնը 100,000 դրամի չափով։
Սոցիալական ծախսի փոխհատուցումից քաղաքացին կարող է օգտվել, եթե նախորդ տարվա ընթացքում՝
- Հայաստանում գործող ապահովագրական որևէ ընկերությունից ձեռք է բերել առողջության ապահովագրական փաթեթ,
- կատարել է ծախսեր ատամնաբուժական ծառայությունների համար,
- Հայաստանում գործող կրթական հաստատությունում կատարել է ուսման վճար կամ մասնակցել է կրթական այլ ծրագրերի և վճարել դրանց համար։
Կրթական ծախսերը կարող են կատարված լինել հետևյալ կրթական ծրագրերի համար՝
- նախադպրոցական, տարրական, հիմնական, միջնակարգ, նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրեր,
-
երաժշտական, արվեստի, գեղարվեստի պարարվեստի դպրոցների, արտադպրոցական կազմակերպությունների, մանկապատանեկան մարզադպրոցների և ԿԳՄՍՆ (ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն) կողմից երաշխավորված այլ արտադպրոցական ծրագրեր և ոչ ֆորմալ կրթական ծրագրեր (նաև՝ շարունակական մասնագիտական ուսուցում և վերապատրաստումներ)։
Կփոխհատուցվեն նաև դասագրքերի վարձակալության համար կատարված ծախսերը՝ յուրաքանչյուր աշակերտի գծով տարեկան 3,000 դրամի չափով (ընդ որում՝ այս ծախսը փոխհատուցվում է նույնիսկ այն դեպքում, երբ փաստացի այդ ծախսը չի կատարվել)։
2024-ին կատարված որոշ ծախսեր կարող են փոխհատուցվել, նույնիսկ եթե կրթական ծրագիրը երաշխավորված չի եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից։ Սա թույլ կտա կրթական ծրագրերի համար ստանալ երաշխավորում նաև 2025-ի ընթացքում։
Այսինքն՝ 2024-ին կատարված որոշ ծախսեր կփոխհատուցվեն, եթե 2025-ին հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ այդ ծրագիրը լինի երաշխավորված նախարարության կողմից։
Բացառություն են կազմում հետևյալ կրթական ծրագրերը, որոնք պետք է երաշխավորված լինեին նաև 2024-ի ընթացքում՝
- նախադպրոցական, տարրական, հիմնական, միջնակարգ, նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրեր։
Ուշադրություն
2025-ին կատարված կրթական ծախսի փոխհատուցումը հաջորդ տարի ստանալու համար պարտադիր է, որ տվյալ ծրագիրը ԿԳՄՍՆ-ի կողմից երաշխավորված լինի քո ծախսը կատարելու (կրթական ծրագրի համար վճարելու) օրվա դրությամբ՝ առանց բացառությունների։
Երաշխավորված կրթական ծրագրերի ցանկը հրապարակվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։ Մասնավորապես՝
Այո, նույն անձի համար կատարված սոցիալական ծախսերի փոխհատուցման հնարավորությունից կարող են օգտվել հայտարարատու հանդիսացող ուսանողի և՛ մայրը, և՛ հայրը։
Օրինակ, եթե ուսումնական տարվա մեկ կիսամյակի համար ուսման գծով ծախսը կատարել է մայրը, իսկ մյուս կիսամյակի համար՝ հայրը։ Այս դեպքում կարևոր է՝ որպես սոցիալական ծախս կատարող հաշվարկային փաստաթուղթը դուրս գրված լինի յուրաքանչյուրի հանրային ծառայությունների համարանիշով՝ առանձին-առանձին։
Եթե աշխատողի կամ նրա ընտանիքի անդամի առողջության ապահովագրական փաթեթը գնել է գործատուն, այսինքն՝ ապահովագրության պայմանագիրը կնքել է գործատուն, բայց այդ ծախսի դիմաց աշխատողը գործատուին հատուցել է գումար, ապա աշխատողը կարող է այդ գումարի չափով օգտվել սոցիալակն ծախսի փոխհատուցումից:
Այս դեպքում գործատուն պետք է ապահովագրական ընկերությանը ներկայացնի տեղեկանք, որտեղ նշվում է, որ ապահովագրավճարի որոշ մասը ստացել է աշխատողից որպես փոխհատուցում։ Այդ տեղեկանքի հիման վրա ապահովագրական ընկերությունը հաշվարկային փաստաթղթում (որը ձևակերպվում է գործատուի անունով) որպես սոցիալական ծախս կատարող անձ նշում է հենց աշխատողի տվյալները։
Սոցիալական փաթեթից օգտվողները, ինչպես նաև պետության կողմից անվճար կամ արտոնյալ պայմաններով բժշկական ծառայություններ մատուցող կազմակերպությունների աշխատողները կարող են ստանալ փոխհատուցում առողջության ապահովագրության ծախսերի համար միայն այն դեպքում, երբ ապահովագրությունը ձեռք է բերվել այդ խմբերին չպատկանող իրենց ընտանիքի անդամների համար։
Նշենք նաև, որ սոցիալական փաթեթի շահառուները և վերոնշյալ կազմակերպությունների աշխատողները կարող են փոխհատուցում ստանալ նաև ատամնաբուժական ծառայությունների համար իրենց կամ ընտանիքի անդամների կատարած ծախսերի մասով։
Ստորև ներկայացված ծախսերը ենթակա են փոխհատուցման միայն այն դեպքում, երբ դրանք կատարվել են անկանխիկ եղանակով (նաև 2024-ին)՝
- երաժշտական, արվեստի, գեղարվեստի պարարվեստի դպրոցների, արտադպրոցական կազմակերպությունների, մանկապատանեկան մարզադպրոցների, այլ արտադպրոցական ծրագրերի և ոչ ֆորմալ կրթական ծրագրերի (նաև՝ շարունակական մասնագիտական ուսուցում և վերապատրաստումներ) համար կատարված ծախսեր,
- ատամնաբուժական ծախսեր։
Սոցիալական մյուս ծախսերի դեպքում (օրինակ՝ համալսարանում ուսման վարձի դիմաց կատարված վճար) փոխհատուցումը կկատարվի նաև այն դեպքում, երբ վճարումը կատարվել է կանխիկ եղանակով։
Փոխհատուցումից օգտվելու համար անհրաժեշտ է ապահովագրական ընկերությունից կամ կրթական հաստատությունից պարտադիր պահանջել հաշվարկային փաստաթուղթ (invoice)՝ ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ և հանրային ծառայությունների համարանիշը։
Հաշվարկային փաստաթուղթը ստանալուց հետո անհրաժեշտ է ներկայացնել առցանց դիմում։
Առցանց ներկայացնել դիմում սոցիալական ծախսի փոխհատուցում ստանալու համար
Առողջապահության գծով սոցիալական ծախսի փոխհատուցման առավելագույն չափը տարեկան 50,000 դրամ է, իսկ կրթության գծով՝ տարեկան առավելագույնը՝ 100,000 դրամ։
Ուշադրություն
Ֆիզիկական անձի՝ իր և ընտանիքի անդամների համար կատարված բոլոր ուղղություններով սոցիալական ծախսերի փոխհատուցման առավելագույն չափը կազմում է տարեկան 100,000 դրամ:
Եկամուտների հայտարարագրումից խուսափում
Եկամուտների հայտարարագրումից խուսափելու դեպքում անձի նկատմամբ կիրառվում է նախազգուշացում կամ տուգանք հետևյալ կերպով.
- Մինչև սահմանված ժամկետը հայտարարագիրը չներկայացնելու դեպքում անձին տրվում է նախազգուշացում։
- Նախազգուշացումից հետո 30 օրվա ընթացքում հայտարարագիր չներկայացնելու դեպքում նշանակվում է տուգանք` 5,000-50,000 ՀՀ դրամի չափով՝ կախված սուբյեկտից։
- Տուգանքի նշանակումից հետո 30-օրյա ժամկետում հայտարարագիրը չներկայացնելու դեպքում տուգանքը կարող է կրկնապատկվել։